Դոկտոր Նաջաթ Մաալա Մջիդ․ «Երեխաների պաշտպանությունը պետք է դիտարկել որպես ներդրում, այլ ոչ թե ծախս»
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դոկտոր Նաջաթ Մաալա Մջիդն իր ելույթում անդրադարձել է երեխաների պաշտպանության համակարգերի ամրապնդմանը, քաղաքական հանձնառությունների գործնական իրականացմանը, համայնքային ծառայությունների զարգացմանը, մասնագետների կարողությունների բարձրացմանը, միջգերատեսչական համագործակցությանը, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման կարևորությանը։
Իր ելույթի ընթացքում նա ներկայացրել է տարբեր երկրներում իրականացրած աշխատանքային այցելությունների ընթացքում ձեռք բերած փորձառությունը, երեխաների պաշտպանության համակարգերում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։
Երեխաների պաշտպանության համակարգի արդյունավետությունը՝ տեղական և համայնքային մակարդակում
Դոկտոր Նաջաթ Մաալա Մջիդը նշել է, որ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր գործունեության ընթացքում այցելել է 65 երկիր։ Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե զբոսաշրջային, այլ խորքային աշխատանքային այցելությունների մասին է, որոնց ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել քաղաքականություն մշակողների, երեխաների և երիտասարդների հետ, ինչպես նաև իրականացվել են այցելություններ տարբեր հաստատություններ և համայնքներ։
Այդ հանդիպումների և քննարկումների հիմնական նպատակներից է եղել հասկանալ, թե երեխաների պաշտպանությունն ինչ է նշանակում համայնքային և տեղական մակարդակներում, ինչպես են գործում համապատասխան ծառայությունները, և որքանով են դրանք հասանելի երեխաներին ու նրանց ընտանիքներին։
Հատուկ ներկայացուցիչը կարևորել է երեխաների և երիտասարդների ձայնը լսելը, նրանց խրախուսելն ու որոշումների կայացման գործընթացներում ներգրավելը։ Միաժամանակ նա ընդգծել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրոնական առաջնորդների, խորհրդարանականների և մյուս շահագրգիռ կողմերի մասնակցության անհրաժեշտությունը, որպեսզի բոլոր դերակատարներն ունենան երեխաների պաշտպանության խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում։
Դոկտոր Մջիդի խոսքով՝ երեխաների պաշտպանության համակարգի արդյունավետությունը հնարավոր չէ ապահովել միայն քաղաքական հանձնառություններով և պարբերաբար հնչող խոստումներով։ Անհրաժեշտ է այդ պարտավորությունները վերածել իրական գործողությունների և ծառայությունների, որոնք հասանելի կլինեն երեխաներին և նրանց խնամողներին հենց այն համայնքներում, որտեղ նրանք ապրում են։
Նա շեշտել է, որ երեխաները չեն ապրում միայն վարչական կենտրոններում, մայրաքաղաքներում կամ խոշոր քաղաքներում, ինչպիսին, օրինակ, Հռոմն է։ Հետևաբար երեխաների պաշտպանության քաղաքականություններն ու ծառայությունները պետք է ընդգրկեն նաև հեռավոր բնակավայրերն ու համայնքները։
Հատուկ ներկայացուցչի համոզմամբ՝ անհրաժեշտ է ազգային և տեղական մակարդակներում փոխկապակցել երեխաների պաշտպանության գործընթացում ներգրավված մարդկանց ու կառույցներին, ինչպես նաև երեխաներին և երիտասարդներին ներգրավել որպես լիարժեք գործընկերներ։
Նա առանձնահատուկ կարևորություն է տվել այս մոտեցմանը՝ ընդգծելով, որ երեխաների պաշտպանությունը պետք է հիմնված լինի ոչ միայն հաստատությունների գործունեության, այլև մարդկանց միջև արդյունավետ համագործակցության վրա։
Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումը և մասնագետների կարողությունների զարգացումը
Անդրադառնալով երեխաների պաշտպանության համակարգերի բարեփոխմանը՝ դոկտոր Մջիդը նշել է, որ դրանց ամրապնդումը չի սահմանափակվում նոր կենտրոնների կառուցմամբ կամ նոր ծառայությունների հանդիսավոր բացմամբ։
Նրա գնահատմամբ՝ համակարգային բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից մեկը մարդկանց, հատկապես առաջին արձագանքող մասնագետների կարողությունների զարգացման մեջ ներդրումներ կատարելն է։
Նա նկատել է, որ բազմաթիվ երկրներում իրականացվում են կարողությունների զարգացման տարբեր ծրագրեր և մեծ թվով վերապատրաստումներ, սակայն միաժամանակ առկա է նաև կադրերի մեծ շրջանառություն։
Այս իրավիճակում անհրաժեշտ է գնահատել, թե ովքեր են այն առաջին արձագանքող մասնագետները, որոնց երեխաներն ու նրանց խնամողներն առաջին հերթին դիմում են օգնության կամ աջակցության համար։
Հատուկ ներկայացուցիչը կարևորել է, որ այդ մասնագետները գործնական մակարդակում ունենան երեխաների պաշտպանության վերաբերյալ միասնական պատկերացումներ, ընդհանուր սկզբունքներ և համահունչ մասնագիտական մոտեցումներ։
Նա ընդգծել է, որ քանի դեռ երեխաների պաշտպանության սկզբունքները լիարժեք ներառված չեն համապատասխան համակարգերի հիմքում, հնարավոր չի լինի ապահովել անհրաժեշտ առաջընթացը։
Ըստ նրա՝ բավարար չէ միայն Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հոդվածների իմացությունը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է այդ իրավունքները վերածել գործնական լուծումների և ներառել մասնագետների պատրաստման ու կրթության բոլոր համապատասխան ծրագրերում։
Դոկտոր Մջիդը շեշտել է, որ խնդիրը միայն ոստիկաններին կամ դատավորներին առանձին վերապատրաստելը չէ։
Նրա խոսքով՝ տարբեր ոլորտների մասնագետները պետք է սովորեն և աշխատեն միասին, քանի որ առանց երեխաների պաշտպանության վերաբերյալ ընդհանուր պատկերացումների և միասնական մոտեցումների հնարավոր չէ ապահովել նաև տեղեկատվության պատշաճ փոխանակում։
Նա տեղեկատվության արդյունավետ փոխանակման և տարբեր մասնագիտական համակարգերի միջև համագործակցության բացակայությունը դիտարկել է որպես երեխաների պաշտպանության ոլորտի լուրջ խնդիրներից մեկը։
Քաղաքական փոփոխությունների ազդեցությունը և համայնքային կառույցների կայունությունը
Դոկտոր Մջիդն անդրադարձել է նաև քաղաքական հանձնառությունների շարունակականության խնդրին։
Նա նշել է, որ շատ դեպքերում երեխաների պաշտպանության ոլորտում քաղաքական հանձնառությունները կախված են ընտրություններից և պետական կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխություններից։
Նրա նկարագրությամբ՝ հաճախ սկսվում է ակտիվ աշխատանք, իրականացվում է շահագրգիռ կողմերի լայնածավալ մոբիլիզացում, սակայն ընտրություններից հետո իրավիճակը փոխվում է։ Փոփոխվում են նախարարները, պատասխանատու պաշտոնատար անձինք, և այդ փոփոխությունները կարող են ազդել արդեն սկսված գործընթացների շարունակականության վրա։
Հատուկ ներկայացուցիչը կարևորել է բարձրագույն քաղաքական մակարդակներում հանձնառության և ներգրավվածության ապահովումը, սակայն միաժամանակ ընդգծել է համայնքային և տեղական կառույցների ամրապնդման անհրաժեշտությունը։
Նրա համոզմամբ՝ տեղական մակարդակում գործող կառույցները պետք է ունենան բավարար կարողություններ և կայունություն, որպեսզի երեխաների պաշտպանության ծառայությունները շարունակեն գործել՝ անկախ քաղաքական փոփոխություններից։
Դոկտոր Մջիդը նշել է, որ երբ երեխաների պաշտպանության համակարգը գործում է համայնքային մակարդակում, իսկ ծառայությունների ամբողջ շղթան պատշաճ ձևավորված է, հաշվի է առնում համայնքի առանձնահատկությունները, բնակչության կարիքները և սոցիալական ռիսկերը, այդ համակարգը կարող է դառնալ կայուն և երկարաժամկետ։
Նա առանձնահատուկ կարևորել է համայնքային մակարդակում համակարգված և փոխկապակցված ծառայությունների ձևավորումը՝ որպես երեխաների պաշտպանության արդյունավետության և շարունակականության հիմնական պայմաններից մեկը։
Երեխաների արժանապատիվ կենսապայմանները և ընտանիքների սոցիալ-տնտեսական աջակցությունը
Խոսելով երեխաների պաշտպանության ծառայությունների մասին՝ դոկտոր Մջիդը նշել է, որ տարբեր երկրներում հանդիպել է երեխաների, որոնք անգամ ծննդյան գրանցում չեն ունեցել։
Այս հանգամանքը նա ներկայացրել է որպես երեխաների իրավունքների պաշտպանության և հիմնական ծառայությունների հասանելիության հետ կապված խնդիրների օրինակ։
Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ երեխաների պաշտպանությունը ենթադրում է նաև նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովում և աղքատության հաղթահարում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համոզվել, որ ծնողները և խնամակալները ստանում են համապատասխան աջակցություն։
Միաժամանակ նա շեշտել է, որ ընտանիքների աջակցությունը չի կարող սահմանափակվել միայն ծնողավարման ծրագրերի կամ առանձին դասընթացների տրամադրմամբ։
Անհրաժեշտ է ապահովել ծնողների և խնամակալների հզորացումը, այդ թվում՝ տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև նրանց համար տարբեր ծառայություններից օգտվելու իրական հնարավորություն ստեղծելը։
Դոկտոր Մջիդի գնահատմամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ներառական կրթական համակարգ, որը կլինի անվտանգ, որակյալ և հասանելի բոլոր երեխաներին՝ առանց որևէ խտրականության։
Նա կարևորել է նաև առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն ընդհանուր առողջապահական ծառայությունների, այլև հոգեկան առողջության, սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններից օգտվելու հնարավորության մասին է։
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ այս ծառայությունների հասանելիությունը կարևոր է նաև ծնողների և ընտանիքների կարողությունների ամրապնդման տեսանկյունից։
Նա անդրադարձել է այն հանգամանքին, որ առողջության հետ կապված խնդիրները չեն կարող դիտարկվել բացառապես առողջապահության ոլորտի պատասխանատվության շրջանակում։
Դոկտոր Մջիդը շեշտել է սոցիալական, տնտեսական և մշակութային գործոնների ազդեցությունն առողջության վրա և դրանց հաշվառման անհրաժեշտությունը երեխաների պաշտպանության քաղաքականությունների ու ծառայությունների մշակման ընթացքում։
Սոցիալական պաշտպանության և երեխաների պաշտպանության համակարգերի փոխկապակցումը
Դոկտոր Մջիդը կարևորել է սոցիալական պաշտպանության, սոցիալական բարեկեցության և երեխաների պաշտպանության համակարգերի միջև արդյունավետ փոխկապակցվածության ապահովումը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել այդ համակարգերի համատեղ աշխատանքը, որպեսզի դրանց միջոցով տրամադրվող աջակցությունը համապատասխանի երեխաների և ընտանիքների իրական կարիքներին։
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սոցիալական պաշտպանության և սոցիալական բարեկեցության համակարգերը պետք է զգայուն լինեն երեխաների և գենդերային առանձնահատկությունների նկատմամբ։
Նա կարևորել է ամբողջ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացումը՝ միաժամանակ ընդգծելով իրավական պաշտպանության անհրաժեշտությունը։
Այս համատեքստում դոկտոր Մջիդն անդրադարձել է ոստիկանության և արդարադատության համակարգերի դերակատարությանը։
Նա նշել է, որ եթե ոստիկանությունը չի ապահովում պատշաճ արձագանք, եթե արդարադատության համակարգը չի արձագանքում անհրաժեշտ ձևով, և եթե այդ կառույցները չեն գիտակցում երեխաների պաշտպանության գործում իրենց դերը, ապա համակարգը չի կարող արդյունավետ աշխատել։
Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում արձանագրած հիմնական խնդիրներից մեկը երեխաների և ընտանիքների համար հեշտ հասանելի ծառայությունների ամբողջական ու փոխկապակցված շղթայի բացակայությունն է։
Նրա գնահատմամբ՝ երեխաների պաշտպանության արդյունավետ համակարգը պահանջում է սոցիալական, առողջապահական, կրթական, իրավապահ և արդարադատության ծառայությունների միջև իրական համագործակցություն և փոխլրացում։
Զուգահեռ ռազմավարությունների խնդիրը և գործող համակարգերի քարտեզագրման անհրաժեշտությունը
Դոկտոր Մջիդն անդրադարձել է նաև երեխաների պաշտպանության ոլորտում մշակվող բազմաթիվ ռազմավարությունների և իրավական բարեփոխումների արդյունավետությանը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել միմյանցից առանձնացված և զուգահեռ ռազմավարությունների մշակման տարածված գործելակերպը։
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ բազմաթիվ երկրներում գոյություն ունեն անհավանական մեծ թվով ռազմավարություններ, որոնք, սակայն, հաճախ այդպես էլ չեն իրականացվում։
Նա ընդգծել է, որ նույն խնդիրը վերաբերում է նաև բազմաթիվ իրավական բարեփոխումների, որոնց գործնական իրականացումը նույնպես չի ապահովվում։
Այս համատեքստում դոկտոր Մջիդն առաջարկել է նոր ռազմավարություններ և բարեփոխումներ շարունակաբար մշակելու փոխարեն նախ քարտեզագրել այն ամենը, ինչ արդեն գոյություն ունի։
Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել գործող ծառայությունները, առկա կառույցներն ու հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդել ուսուցիչների, համայնքային աշխատողների և այլ մասնագետների կարողությունները։
Հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ մասնագետների զարգացման և գործող ծառայությունների ամրապնդման համար կատարվող ներդրումները պետք է դիտարկվեն որպես երկրի զարգացմանն ուղղված ներդրումներ։
Երեխաների պաշտպանությունը որպես ներդրում, այլ ոչ թե ծախս
Դոկտոր Մջիդը նշել է, որ երեխաների պաշտպանության ոլորտում իրական առաջընթաց են արձանագրում այն երկրները, որտեղ բարձրագույն քաղաքական մակարդակում գիտակցում են երեխաների պաշտպանության և բարեկեցության ապահովման կարևորությունը։
Նա հստակեցրել է, որ խոսքը պետական կառավարման ամենաբարձր մակարդակների՝ նախագահի, վարչապետի, կառավարության ղեկավարի, ինչպես նաև պլանավորման և բյուջեի համար պատասխանատու նախարարների մասին է։
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ այդ մակարդակներում պետք է հստակ գիտակցվի, որ երեխաների պաշտպանությունը, նրանց բարեկեցության ապահովումը և երեխաների պաշտպանության ամբողջական ու ինտեգրված համակարգի ամրապնդումը ներդրում են, այլ ոչ թե պարզապես ծախս։
Նա ընդգծել է, որ եթե երեխաների պաշտպանությունը չի դիտարկվում այս տեսանկյունից, ապա համակարգի արդյունավետ գործունեությունը դժվարանում է։
Դոկտոր Մջիդը կարևորել է նաև պլանավորման, բյուջեի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների կողմից այդ ներդրումների վերադարձի և երկարաժամկետ արդյունքների գիտակցումը։
Նրա խոսքով՝ երբ այդ գերատեսչությունները համոզվում են, որ երեխաների պաշտպանության համակարգի զարգացումը ներդրում է, որը կարող է ունենալ սոցիալական և տնտեսական դրական արդյունքներ, նրանց մոտեցումն իսկապես փոխվում է։
Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրակարգը
Դոկտոր Մջիդն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի՝ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ համաշխարհային ուսումնասիրությանը և դրա շուրջ ձևավորված միջազգային հանձնառություններին։
Նա հիշեցրել է, որ շուրջ 20 տարի առաջ միջազգային հանրությունը համախմբվել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման շուրջ՝ վերահաստատելով երկու առանցքային սկզբունք. բռնությունը կանխարգելելի է, և բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել։
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այդ ժամանակահատվածում որոշ ուղղություններով առաջընթաց իսկապես արձանագրվել է, սակայն միաժամանակ աշխարհը փոխվել է։
Նրա խոսքով՝ ներկայում գոյություն ունեն բազմաթիվ, միմյանց համընկնող և փոխկապակցված ճգնաժամեր, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում երեխաների պաշտպանության համար։
Դոկտոր Մջիդն ընդգծել է, որ այդ փոփոխություններն ու ճգնաժամերն արդեն իսկ քննարկվել են, ուստի իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է դրանց պայմաններում երեխաների պաշտպանության համակարգերի արձագանքման և կանխարգելման մոտեցումների վերանայման անհրաժեշտության վրա։
Արձագանքող մոտեցումից դեպի կանխարգելիչ և նախաձեռնողական համակարգ
Դոկտոր Մջիդը կարևորել է երեխաների պաշտպանության ոլորտում արձագանքող մոտեցումից դեպի առավել կանխարգելիչ և նախաձեռնողական մոտեցման անցումը։
Նա նշել է, որ իր գործունեության ընթացքում ծանոթացել է բազմաթիվ արդյունավետ և արժեքավոր փորձառությունների, որոնք կարող են հիմք ծառայել համակարգային փոփոխությունների համար։
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ առկա գիտելիքներն ու փորձը հնարավորություն են տալիս ավելի վաղ բացահայտել և կանխատեսել երեխաների նկատմամբ բռնության ռիսկերը։
Այնուամենայնիվ, երեխաների պաշտպանության համակարգերը դեռևս բավարար չափով չեն օգտագործում այդ հնարավորությունները։
Դոկտոր Մջիդն ընդգծել է, որ գոյություն ունեն ապացույցներ այն մասին, թե ինչպես կարելի է կանխատեսել ռիսկերը, որ միջամտություններն են արդյունավետ, և ինչու է երեխաների պաշտպանության մեջ ներդրում կատարելը կարևոր։
Նա նշել է նաև, որ հայտնի են տարբեր կառույցների և դերակատարների գործառույթներն ու պատասխանատվությունները։
Այս պայմաններում, նրա գնահատմամբ, անհրաժեշտ է արդյունավետ և ապացույցների վրա հիմնված մոտեցումներն ընդլայնել և ներդնել համակարգային մակարդակում։
Դոկտոր Մջիդը շեշտել է, որ երեխաների նկատմամբ բռնությունը հնարավոր է կանխել, և անհրաժեշտ է այդ հնարավորությունը վերածել լայնածավալ գործնական գործողությունների։
Փորձնական ծրագրերից դեպի համակարգային լուծումներ
Դոկտոր Մջիդը քննադատաբար անդրադարձել է բազմաթիվ փորձնական ծրագրերի իրականացմանը, որոնց հաջող ավարտից հետո դրանց արդյունքները հաճախ չեն տարածվում ավելի լայն մակարդակով։
Նա նշել է, որ տարբեր երկրներում շարունակաբար իրականացվում են փորձնական ծրագրեր, սակայն դրանցից հետո հաճախ երկար ժամանակ սպասում են դրանց լայնածավալ կիրառությանը։
Հատուկ ներկայացուցիչը կարևորել է փորձնական ծրագրերի իրականացումը, սակայն ընդգծել է, որ դրանց արդյունավետությունն ապացուցվելու դեպքում անհրաժեշտ է անցնել հաջորդ փուլին։
Նրա խոսքով՝ եթե որևէ փորձնական ծրագիր արդյունավետ է գործում, այն պետք է ընդլայնվի քաղաքականություն մշակողների կողմից և ներառվի համապատասխան համակարգում։
Միաժամանակ քաղաքականություն մշակողները պետք է հաշվետու լինեն այդ գործընթացի իրականացման համար։
Այս մոտեցումը, ըստ դոկտոր Մջիդի, հնարավորություն կտա առանձին հաջողված նախաձեռնությունները վերածել երեխաների պաշտպանության համակարգի կայուն բաղադրիչների։
Բազմակողմանի համագործակցության ամրապնդումը և միջազգային մարտահրավերները
Ելույթի վերջին կարևոր ուղղություններից մեկը եղել է բազմակողմանի համագործակցության անհրաժեշտությունը։
Դոկտոր Մջիդը նշել է, որ աշխարհն այսօր մասնատված և բաժանված է՝ չնայած գլոբալացման և փոխկապակցվածության բարձր մակարդակին։
Նա ընդգծել է, որ նախկինում չի հանդիպել նման իրավիճակի, երբ փոխկապակցված աշխարհում միաժամանակ առկա են այսպիսի խորքային բաժանումներ։
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ երեխաների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ խնդիրների լուծումը պահանջում է ուժեղ և համատեղ շահերի պաշտպանության օրակարգ։
Որպես օրինակ նա առանձնացրել է երեխաների տեղահանման խնդիրը՝ ընդգծելով, որ առանց միջազգային դերակատարների համատեղ և հետևողական գործողությունների հնարավոր չի լինի արդյունավետ լուծել նման մարտահրավերները։
Դոկտոր Մջիդը նշել է, որ կան պետություններ, որոնք պատասխանատու են երեխաների իրավունքների լուրջ խախտումների համար, և այդ պետությունները պետք է հաշվետու լինեն իրենց գործողությունների համար։
Նրա գնահատմամբ՝ միջազգային համագործակցությունը պետք է հիմնված լինի ոչ միայն ընդհանուր հայտարարությունների, այլև իրական պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմների վրա։
Երեխաների պաշտպանությունը թվային միջավայրում
Դոկտոր Մջիդն անդրադարձել է նաև արհեստական բանականության (AI) և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ICT) զարգացմանը՝ այդ ոլորտներում առանձնացնելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական զարգացումների պայմաններում անհրաժեշտ է ապահովել գլոբալ կառավարում և միասնական մոտեցումներ։
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ տարիներ շարունակ պաշտպանվում է «child privacy by design» սկզբունքը, որը ենթադրում է երեխաների գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության ապահովում թվային համակարգերի ու տեխնոլոգիաների նախագծման հենց սկզբնական փուլից։
Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ, այդ սկզբունքը դեռևս լիարժեք չի իրականացվում։
Դոկտոր Մջիդը կարևորել է այս ուղղությամբ միջազգային մակարդակով ուժեղ և համատեղ շահերի պաշտպանության իրականացումը։
Նրա խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում պահանջում է ոչ միայն երեխաների վարքագծի փոփոխությանն ուղղված գործողություններ, այլև համապատասխան հաստատությունների և կառույցների պատասխանատվության հստակեցում։
Հաստատությունների նկատմամբ վստահությունը և հաշվետվողականությունը
Դոկտոր Մջիդն անդրադարձել է նաև երեխաների և հաստատությունների միջև վստահության ձևավորմանը։
Նա նշել է, որ երեխաներին հաճախ հորդորում են փոխել իրենց վարքագիծը և վստահել հաստատություններին։
Սակայն, նրա համոզմամբ, այդ պահանջը պետք է ուղեկցվի համապատասխան կառույցների կողմից իրական հաշվետվողականության ապահովմամբ։
Հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ հաստատությունները պետք է իրենց գործողություններով ապացուցեն, որ հաշվետու են երեխաների և հասարակության առջև։
Նա ընդգծել է, որ հաշվետվողականության պարտավորությունը վերաբերում է բոլոր մակարդակներին, այդ թվում՝ պետությունների ղեկավարներին։
Դոկտոր Մջիդի գնահատմամբ՝ վստահությունը չի կարող հիմնված լինել միայն երեխաներից ակնկալվող վարքագծի վրա։ Այն պահանջում է նաև կառույցների կողմից ստանձնած պարտավորությունների կատարում և դրանց արդյունքների համար պատասխանատվություն։
Երեխաները՝ որպես համագործակցության և փոփոխությունների լիարժեք գործընկերներ
Ամփոփելով իր ելույթը՝ դոկտոր Նաջաթ Մաալա Մջիդը կրկին կարևորել է երեխաների մասնակցությունը և միջազգային հանրության համախմբման անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ շուրջ 20 տարի առաջ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը միավորել է տարբեր երկրներին և միջազգային դերակատարներին, և այսօր երեխաները կրկին կարող են դառնալ համագործակցության և համախմբման հիմք։
Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ առավել ուժեղ բազմակողմանի համագործակցության և բազմամասնագիտական մոտեցումների ձևավորման համար անհրաժեշտ է երեխաներին լիարժեք ներգրավել որպես գործընկերներ։
Նրա խոսքով՝ երեխաներն արդեն իսկ ակտիվորեն գործում են և բարձրաձայնում իրենց խնդիրներն ու տեսակետները։