Տեղեկագիրք 2025թ․
Նվիրաբերիր հիմա

«Vives Emplea» մեթոդ․ աջակցություն աշխատանքի տեղավորման դժվարություններ ունեցող մարդկանց

«Vives Emplea» մեթոդի ներկայացման հանդիպումը

Երեխաների պաշտպանության ցանցի անդամ «Արփի» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը Ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Vives Emplea» մեթոդին և դրա կիրառման փորձին։

«Vives Emplea»-ն նախատեսված է սոցիալական բացառման վտանգի տակ գտնվող և աշխատանքի տեղավորման դժվարություններ ունեցող անձանց աջակցելու համար։ Մեթոդի հիմքում կարևոր մոտեցում կա․ աշխատանք փնտրող մարդուն միշտ չէ, որ բավարար է պարզապես թափուր աշխատատեղ առաջարկելը։

Կարևոր է հասկանալ՝

  • ի՞նչ է մարդն ուզում,
  • ի՞նչ կարողություններ և ուժեղ կողմեր ունի,
  • ի՞նչն է խանգարում նրան աշխատանք գտնել,
  • ի՞նչ հմտություններ է անհրաժեշտ զարգացնել,
  • և ի՞նչ քայլեր կարող է ինքնուրույն անել իր նպատակին հասնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև մոտիվացիային։ Եթե մարդը չի դիմում աշխատանքի կամ չի մասնակցում առաջարկվող ծրագրերին, դա միշտ չէ, որ նշանակում է, որ նա փոփոխության ցանկություն չունի։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ ինքնավստահության պակաս, երեխայի խնամքի դժվարություն, լեզվական խոչընդոտներ, ընտանիքի կողմից սահմանափակումներ, նախկին անհաջող փորձ կամ առաջարկվող աշխատանքի անհամապատասխանություն մարդու հետաքրքրություններին ու կարողություններին։

«Vives Emplea»-ում կարևոր տեղ ունի խմբային աշխատանքը։ Մասնակիցները զարգացնում են աշխատանքի որոնման և հարցազրույցի ներկայանալու հմտությունները, բացահայտում իրենց ուժեղ կողմերը, հստակեցնում մասնագիտական նպատակները և սովորում ինքնուրույն քայլեր ձեռնարկել դրանց հասնելու համար։ Խումբը նաև դառնում է փոխադարձ աջակցության միջավայր, որտեղ մասնակիցները կիսվում են փորձով, տեղեկություններով և աշխատանքի հնարավորություններով։

Մեթոդի նպատակը միայն աշխատանքի տեղավորումը չէ։ Այն ուղղված է նաև մարդու հմտությունների զարգացմանը, սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը և ինքնուրույնության խթանմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Լեհաստանում «Vives Emplea»-ի կիրառման փորձը և քննարկվեցին մեթոդի առանձին մոտեցումները Հայաստանի պայմաններին հարմարեցնելու հնարավորությունները։

Շնորհակալություն ենք հայտնում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ «Արփի» ՀԿ-ին՝ նախաձեռնության և Ցանցի անդամներին հանդիպմանը ներգրավելու համար։

«Vives Emplea» մեթոդի ներկայացումՀանդիպման մասնակիցները