Տեղեկագիրք 2025թ․
Նվիրաբերիր հիմա

Համագործակցության նոր հնարավորություններ․ հանդիպում IASIS ՀԿ-ի հետ

ԵՊՑ և IASIS թիմերը Աթենքում

Աթենք կատարած այցի շրջանակում հանդիպեցինք IASIS ՀԿ-ի ներկայացուցիչներին՝ կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆանոս Ալեվիզոսի և նրա թիմի հետ։

IASIS-ը Հունաստանում գործող խոշոր կազմակերպություններից է, որն ունի ավելի քան 400 աշխատակից և իրականացնում է 62 ծրագիր։

Կազմակերպության գործունեությունը

Կազմակերպության գործունեության առանցքային ուղղություններից են հոգեկան առողջության և բարեկեցության հիմնահարցերը։ IASIS-ն իրականացնում է հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանը, հոգեսոցիալական աջակցությանն ու մարդկանց զորեղացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր։ Հատկանշական են նաև նորարարական մոտեցումները, այդ թվում՝ թատերական նախաձեռնությունները և հոգեկան առողջության աջակցության տարբեր մեթոդները։

Կազմակերպության գործունեությունն ընդգրկում է նաև կանանց աջակցությունն ու զորեղացումը, երեխաների պաշտպանության և աջակցության ծրագրերը, երեխաների ու ընտանիքների համար ծառայությունները, ցերեկային խնամքը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնությունները։

Մեզ համար հատկապես հետաքրքիր էր ծանոթանալ նաև կազմակերպության ֆինանսավորման մոդելին․ ծրագրերի զգալի մասն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ կամ աջակցությամբ, մասնավորապես՝ Հունաստանի առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում։

Համագործակցության հեռանկարները

Հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև համագործակցության հնարավոր ուղղությունները, փորձի փոխանակման հեռանկարները և միջազգային ցանցերի միջև կապերի ամրապնդման հնարավորությունները։

IASIS-ի ներկայացուցիչները տեղեկացրին, որ նախատեսում են հաջորդ տարի՝ նոյեմբերին, կրկին կազմակերպել Connect to Protect միջազգային համաժողովը։ Նրանք նաև առաջարկեցին համաժողովի շրջանակում անցկացնել ցանցային համագործակցությանը նվիրված առանձին պանելային քննարկում, որի կազմակերպումն ու վարումը կարող է վստահվել Երեխաների պաշտպանության ցանցին՝ հրավիրելով նաև Ցանցի անդամ կազմակերպություններին։

Սա լավ հնարավորություն կլինի ներկայացնելու Հայաստանի քաղաքացիական հասարակության փորձը, քննարկելու ցանցային համագործակցության մարտահրավերներն ու հաջողված մոտեցումները և զարգացնելու միջազգային գործընկերային կապերը։

Շնորհակալ ենք IASIS-ի թիմին ջերմ ընդունելության, փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորությունների քննարկման համար։ Վստահ ենք, որ նման հանդիպումները կարևոր քայլ են երեխաների պաշտպանության համակարգերի ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին։

Այցելություն IASIS-ի գրասենյակՀանդիպում Ստեֆանոս Ալեվիզոսի հետIASIS-ի գրասենյակում