Այց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
Երեխաների պաշտպանության ցանցի թիմով այցելեցինք մեր հիմնադիր անդամներից՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա (ՀՍԱԱ)։
Հանդիպումը լավ հնարավորություն էր ավելի մոտիկից ծանոթանալու Ասոցիացիայի հիմնական թիմին, ընթացիկ ծրագրերին, մարզերում իրականացվող աշխատանքներին և սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
ՀՍԱԱ-ն տարիներ շարունակ կարևոր դեր է ունեցել Հայաստանում սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների զարգացման գործում՝ միաժամանակ ակտիվորեն ներգրավվելով ադվոկացիոն գործընթացներում, ոլորտային բարեփոխումների առաջմղման, նոր ծրագրերի մշակման և նորարարական մեթոդաբանությունների ներդրման աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև Ասոցիացիայի՝ մարզերում իրականացվող աշխատանքներին։ Այս պահին ՀՍԱԱ-ն տարբեր ծրագրերի շրջանակում գործունեություն է իրականացնում Հայաստանի մի շարք մարզերում՝ տրամադրելով սոցիալական, հոգեբանական և սոցիալ-տնտեսական աջակցություն խոցելի և տեղահանված բնակչությանը, ինչպես նաև իրականացնելով համայնքային ներառման և սոցիալական ակտիվացմանն ուղղված աշխատանքներ։
Այսպիսի հանդիպումները կարևոր են ոչ միայն միմյանց աշխատանքին ավելի լավ ծանոթանալու, այլև համատեղ խնդիրները, ոլորտային բացերը և համագործակցության նոր հնարավորությունները քննարկելու համար։
Երեխաների պաշտպանության ոլորտում կայուն փոփոխությունների հասնելու համար կարևոր է ունենալ ուժեղ մասնագիտական համայնք, արդյունավետ համագործակցություն և միասնական օրակարգ։
Շնորհակալություն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի թիմին ջերմ ընդունելության և բաց ու բովանդակալից քննարկման համար։



