Տեղեկագիրք 2025թ․


Երեխաների իրավունքները Եվրոպական խորհրդարանում

Eurochild 2026 համաժողովի շրջանակում մասնակցեցինք Եվրոպական խորհրդարանում երեխաների իրավունքներին նվիրված քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երեխաների պաշտպանության, մասնակցության և արդարադատության հասանելիության մի շարք արդիական հարցերի։                                                                                                                                                          

Քննարկման սկզբում ներկայացվեց Եվրոպական խորհրդարանի Երեխաների իրավունքների համակարգողի գրասենյակի գործունեությունը։ Նշվեց, որ կառույցի հիմնական նպատակն է երեխաների իրավունքների հարցերը պահել եվրոպական քաղաքական օրակարգում, աջակցել ընտանիքներին և համագործակցել միջազգային ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։                                                                                     

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց միջազգային ընտանեկան վեճերին։ Քննարկվեցին երեխաների միջազգային առևանգման, խնամակալության շուրջ վեճերի և ընտանեկան միջնորդության հարցերը։ Շեշտվեց, որ նման դեպքերում առաջնային պետք է լինի ոչ թե ծնողների շահը, այլ երեխայի լավագույն շահը, և անհրաժեշտ է զարգացնել միջնորդության մեխանիզմները՝ հնարավորինս նվազեցնելով երեխաների վրա հակամարտությունների ազդեցությունը։                                                     

Քննարկման կարևոր թեմաներից էր երեխաների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին։ Բանախոսները նշեցին, որ երեխաներին պետք է դիտարկել որպես ինքնուրույն իրավունքներ ունեցող անձինք, որոնց կարծիքը պետք է լսվի և հաշվի առնվի իրենց կյանքին վերաբերող որոշումների կայացման ժամանակ։ Այս մոտեցումը դիտարկվեց որպես երեխաների իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներից մեկը։                                                                                                                       

Անդրադարձ կատարվեց նաև պատերազմների և զինված հակամարտությունների ազդեցությանը երեխաների վրա։ Քննարկվեց Ուկրաինայի պատերազմը, տեղահանված երեխաների խնդիրները, ընտանիքներից բաժանված երեխաների իրավիճակը և այն մարտահրավերները, որոնց բախվում են երեխաները հակամարտությունների գոտիներում։ Ընդգծվեց, որ նման իրավիճակներում երեխաների պաշտպանությունը պետք է դառնա առաջնահերթություն ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակում։

Քննարկման ամենաակտիվ և հետաքրքիր հատվածը վերաբերում էր երեխաների և կազմակերպված հանցավորության միջև կապին։ Ներկայացվեց մտահոգիչ միտումը, ըստ որի՝ հանցավոր խմբերը հաճախ երեխաներին հավաքագրում են առցանց հարթակների միջոցով՝ օգտագործելով նրանց խոցելիությունը, սոցիալական մեկուսացումը կամ ֆինանսական դժվարությունները։                                                                                                                                                                                                                 

Այս հարցի շուրջ ծավալվեց հետաքրքիր քաղաքական բանավեճ։ Մի շարք մասնակիցներ պնդում էին, որ նման դեպքերում երեխաները նախևառաջ զոհեր են, քանի որ նրանց հավաքագրել և շահագործել են մեծահասակները։ Մյուսները նշում էին, որ որոշ ծանր հանցագործությունների դեպքում անհրաժեշտ է քննարկել նաև պատասխանատվության հարցը։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվեց, որ երեխաների ներգրավումը հանցավոր գործունեության մեջ հաճախ չի սկսվում փողոցում, այլ առցանց միջավայրում՝ սոցիալական ցանցերի, խաղային հարթակների և հաղորդակցման տարբեր միջոցների միջոցով։ Հետևաբար երեխաների պաշտպանությունը պետք է ներառի նաև թվային անվտանգության բաղադրիչը։            

Անդրադարձ կատարվեց նաև երեխաների առցանց սեռական շահագործման նյութերի (CSAM) տարածման դեմ պայքարին, կիբերհանցագործությունների կանխարգելմանը և միջազգային համագործակցության անհրաժեշտությանը։ Նշվեց, որ թվային միջավայրում երեխաների անվտանգությունն այսօր դարձել է երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն ուղղություններից մեկը։                                                                                                                                                                                                      

💬 Քննարկման հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ երեխաները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես պաշտպանության կարիք ունեցող անձինք, այլ նաև որպես իրավունքներ ունեցող քաղաքացիներ, որոնց ձայնը, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է լինեն քաղաքական որոշումների կենտրոնում։                                                                                                             

721601356_1413329367493038_2957547807421016225_n