Տեղեկագիրք 2025թ․


Երեխաների մասին խոսելիս՝ մի՛ մոռացեք «մի վնասիր» սկզբունքը
Վերջին օրերին երեխաների նկատմամբ բռնության դեպքի շուրջ հանրային ուշադրությանը զուգահեռ մտահոգիչ կերպով աճում են նաև այն հրապարակումները, որոնք կարող են բացահայտել տուժած երեխաների ինքնությունը կամ վնասել նրանց վերականգնման գործընթացը։
Երեխաների պաշտպանության ցանցը խոր մտահոգություն է հայտնում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանման ընթացքում արձանագրվող ոչ մասնագիտական և վտանգավոր մոտեցումների վերաբերյալ։
Տարբեր հարթակներում տարածվում են հրապարակումներ և տեսանյութեր, որոնցում փորձ է արվում խոսեցնել երեխաների հարազատներին, այցելել ընտանիքի բնակավայր, հարցեր ուղղել հարևաններին կամ հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք կարող են անուղղակիորեն բացահայտել երեխաների ինքնությունը։ Որոշ հրապարակումներում նշվում են նաև ծնողների աշխատանքի վայրերը, համայնքային տվյալներ կամ այլ մանրամասներ, որոնք կարող են նպաստել երեխաների ճանաչելիությանը։
Սա ոչ միայն մասնագիտական էթիկայի խախտում է, այլ նաև կարող է խաթարել երեխայի վերականգնման և պաշտպանության գործընթացը։
Հատկապես վտանգավոր է, երբ հանրային հետաքրքրությունը կամ դիտումներ հավաքելու ցանկությունը դառնում են երեխայի անվտանգության և արժանապատվության հաշվին իրականացվող գործողությունների պատճառ։
Սա անթույլատրելի է։
Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի լուսաբանումը պահանջում է առավելագույն զգայունություն, մասնագիտական պատասխանատվություն և երեխայի լավագույն շահի առաջնահերթ ապահովում։ Լանզարոտեի կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, պարտավորեցնում է պետությանը և մասնագետներին ապահովելու բռնության ենթարկված երեխաների անձնական կյանքի, ինքնության և արժանապատվության պաշտպանությունը։ Նման դեպքերում ցանկացած տեղեկատվություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով բացահայտում է երեխային, կարող է հանգեցնել կրկնակի վնասի, պիտակավորման, ահաբեկման և հետագա հոգեբանական տրավմայի։
Մենք կոչ ենք անում լրագրողներին, բլոգերներին, լրատվամիջոցներին և սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր անձանց առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով։ Երեխայի պատմությունը երբեք չպետք է վերածվի հանրային սպառման նյութի։
Եթե իսկապես մտահոգված եք երեխաների պաշտպանությամբ, ապա մի՛ վերածեք նրանց պատմությունը սենսացիոն բովանդակության։ Պաշտպանել երեխային նշանակում է պաշտպանել նաև նրա գաղտնիությունը, արժանապատվությունը և անվտանգությունը՝ չհրապարակելով այնպիսի մանրամասներ, որոնք կարող են բացահայտել նրա ինքնությունը կամ խորացնել արդեն հասցված վնասը։
687027430_1364940442325925_6604855621163998166_n