Կանխարգելում, աջակցություն և անկախ կյանք․ Concordia-ի փորձը երեխաների պաշտպանության ոլորտում
Մասնակցեցինք Concordia International-ի աշխատարանին, որի ընթացքում ներկայացվեց երեխաների պաշտպանության, ընտանիքների աջակցության և երիտասարդների անկախ կյանքի պատրաստման Concordia մոդելը։
Աշխատարանի ամենահուզիչ հատվածը Concordia-ի նախկին շահառու Բոգոմիլայի պատմությունն էր։
13 տարեկանում, ծնողների ազատազրկումից հետո, նա և քույրը տեղափոխվել էին ճգնաժամային կենտրոն։ Մինչ այդ նա երբեք կանոնավոր դպրոց չէր հաճախել, չուներ արտաքին աշխարհի հետ շփման փորձ և չէր պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն։
Բոգոմիլան պատմեց, որ ոչ ոք իրեն չէր բացատրել իր իրավունքները, չէր ներկայացրել, թե ինչ որոշումներ են կայացվում իր կյանքի վերաբերյալ և ինչու։ Այդ անորոշությունը դարձել էր իր ամենամեծ վախերից մեկը։
Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ նա կարողացել է լրացնել կրթական բացերը, հանձնել տասնյակ քննություններ, շարունակել ուսումը և այսօր սովորում է համակարգչային գիտություններ։
Քննարկման ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ երեխաների պաշտպանության համակարգը պետք է հիմնված լինի ոչ միայն միջամտության, այլև կանխարգելման, երկարաժամկետ աջակցության և երեխաների մասնակցության վրա։
Հատուկ շեշտադրվեց, որ․
երեխաներին պետք է բացատրել իրենց իրավունքները և իրենց կյանքի վերաբերյալ կայացվող որոշումները,
երեխաների հետ պետք է խոսել առանձին և լսել նրանց կարծիքը,
հոգեբանական աջակցությունը պետք է լինի հասանելի և երկարաժամկետ,
երեխաների պաշտպանության ծառայությունները պետք է աշխատեն բազմամասնագիտական թիմերի միջոցով,
հաջողված ծառայությունները պետք է ունենան կայուն և երկարաժամկետ ֆինանսավորում։
Աշխատարանի ավարտին Բոգոմիլան կիսվեց մի պարզ, բայց շատ կարևոր ուղերձով․
«Փորձեք տեսնել լավը յուրաքանչյուր երեխայի մեջ»։
Այս միտքը դարձավ ամբողջ աշխատարանի գլխավոր եզրակացությունը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր երեխա ունի ներուժ, որը կարող է բացահայտվել, եթե գտնվեն մարդիկ, որոնք կհավատան նրան և կաջակցեն նրա ճանապարհին։