Տեղեկագիրք 2025թ․
Նվիրաբերիր հիմա

Զուգահեռ պլանավորում՝ վաղ մանկության շրջանում ապաինստիտուցիոնալացման արդյունավետ ուղի

Eurochild 2026 համաժողովի շրջանակում մասնակցեցինք աշխատարանին, որի ընթացքում ներկայացվեց Իսպանիայում իրականացվող ապաինստիտուցիոնալացման ռեֆորմը և երեխաների պաշտպանության ոլորտում կիրառվող նորարարական մոտեցումները՝ ուղղված երեխաների համար կայուն ընտանեկան միջավայրի ապահովմանը։

Աշխատարանի ընթացքում ներկայացված տվյալների համաձայն՝ Իսպանիայում այսօր էլ հազարավոր երեխաներ շարունակում են գտնվել ինստիտուցիոնալ խնամքի համակարգում։ Մասնավորապես, 17,112 երեխա և դեռահաս գտնվում է հաստատություններում, որոնցից շուրջ 1,200-ը մինչև 6 տարեկան են։ Այս թվերից 594-ը մինչև 3 տարեկան երեխաներ են, իսկ 606-ը՝ 4-ից 6 տարեկան։                                                                                                                                                                                                              

Թեև վերջին տարիներին հաստատություններում ապրող երեխաների թիվը որոշ չափով նվազել է, ներկայացվեց, որ այդ նվազումը հիմնականում պայմանավորված չէ խնամատար ընտանիքներում տեղավորման աճով։ Շատ դեպքերում երեխաները պարզապես դուրս են գալիս համակարգից չափահաս դառնալու պատճառով, իսկ որոշ դեպքերում պատճառները հստակ վերլուծված չեն։ Ընդհանուր առմամբ, Իսպանիայում խնամքի համակարգում տեղավորված երեխաների 76%-ը շարունակում է գտնվել ինստիտուցիոնալ խնամքի պայմաններում, ինչը վկայում է, որ ապաինստիտուցիոնալացման գործընթացը դեռևս ավարտված չէ և շարունակում է մնալ պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։                                                                                        

Աշխատարանի առանցքային գաղափարներից մեկը հիմնված էր իսպանացի երեխաների պաշտպանության փորձագետ Խավիեր Մուխիկայի կողմից ձևակերպված «Changes are not free» («Փոփոխություններն անվճար չեն») սկզբունքի վրա։

Այս գաղափարի հիմնական իմաստն այն է, որ երեխայի կյանքում յուրաքանչյուր փոփոխություն իր հետևանքներն ունի։ Երեխայի համար խնամքի միջավայրի փոփոխությունը, կապվածությունների խզումը կամ նոր միջավայր տեղափոխվելը երբեք չպետք է դիտարկվի որպես չեզոք իրադարձություն։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որոշումը կայացվում է երեխայի լավագույն շահերից ելնելով, յուրաքանչյուր տեղափոխություն կարող է դառնալ նոր կորուստ, նոր տրավմա և նոր հուզական ցնցում։                                       

Քննարկման ընթացքում ներկայացվեցին մի շարք օրինակներ, որոնք ցույց էին տալիս, թե որքան հաճախ երեխաները ստիպված են լինում հարմարվել նոր միջավայրերի։                                                                                                                                                                         

Այդպիսի իրավիճակներ են՝

🔹 երեխայի հեռացումը կենսաբանական ընտանիքից,

🔹 մանկատնից խնամատար ընտանիք տեղափոխումը,

🔹 մի խնամատար ընտանիքից մյուսը տեղափոխումը,

🔹 ձախողված վերամիավորումը կենսաբանական ընտանիքի հետ,

🔹 որդեգրման գործընթացների ձգձգումը,

🔹 խնամքի պլանների բազմակի փոփոխությունները։                                                                                                                                               

Նշվեց, որ մասնագետները հաճախ կենտրոնանում են այն հարցի վրա, թե որն է տվյալ պահին երեխայի համար լավագույն լուծումը, սակայն շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ յուրաքանչյուր փոփոխություն իր հետ բերում է հուզական կորուստներ և կապվածությունների խզումներ։

Մուխիկայի հիմնական ուղերձն այն էր, որ երեխաների պաշտպանության համակարգը պետք է ոչ թե պարզապես արձագանքի ճգնաժամերին, այլ հնարավորինս նվազեցնի երեխայի կյանքի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների քանակը։ Յուրաքանչյուր լրացուցիչ տեղափոխություն նոր ռիսկ է, իսկ յուրաքանչյուր նոր կապվածության խզում կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա։                                                                                                                                                       

Հենց այս տրամաբանության հիման վրա ներկայացվեց Simultaneous Double-Purpose Planning (SDPP) կամ Parallel Planning (զուգահեռ պլանավորում) մոդելը։

Ավանդական համակարգերում սովորաբար սկզբում ամբողջ ուշադրությունը կենտրոնացվում է երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու վրա։ Եթե որոշ ժամանակ անց պարզվում է, որ վերամիավորումը հնարավոր չէ, միայն այդ ժամանակ սկսվում է խնամատար կամ որդեգրող ընտանիքի որոնումը։ Այս ընթացքում երեխան կարող է մի քանի անգամ տեղափոխվել տարբեր խնամքի միջավայրեր՝ կորցնելով արդեն ձևավորված կապերն ու անվտանգության զգացումը։

Զուգահեռ պլանավորման մոդելը փորձում է լուծել հենց այս խնդիրը։                                                                                                                   

Մոդելի համաձայն՝ երեխայի ընտանիքից հեռացման առաջին իսկ պահից սկսած միաժամանակ իրականացվում է երկու պլան։

Առաջին ուղղությամբ աշխատանք է տարվում կենսաբանական ընտանիքի հետ։                                                                                                   

Նպատակն է՝

🔹 հասկանալ երեխայի հեռացման պատճառները,

🔹 հաղթահարել ընտանիքում առկա խնդիրները,

🔹 ամրապնդել ծնողական հմտությունները,

🔹 ապահովել հնարավոր անվտանգ վերամիավորումը։

Միաժամանակ սկսվում է երկրորդ պլանի իրականացումը։

Այս փուլում մասնագետները փնտրում և նախապատրաստում են երեխայի համար այլընտրանքային ընտանեկան միջավայր՝

🔹 խնամատար ընտանիք,

🔹 երբեմն նաև որդեգրման հեռանկար ունեցող ընտանիք։                                                                                                                                       

Այս մոտեցման առավելությունն այն է, որ եթե վերամիավորումը հաջողվում է, երեխան վերադառնում է ընտանիք։ Եթե չի հաջողվում, երեխան արդեն գտնվում է այնպիսի միջավայրում, որտեղ հասցրել է ձևավորել վստահություն, կապվածություն և անվտանգության զգացում։

Այսպիսով հնարավոր է խուսափել հերթական տեղափոխությունից և երեխային նորից անհայտ միջավայր տեղափոխելու անհրաժեշտությունից։

Աշխատարանի ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ երեխաների պաշտպանության միջոցառումները պետք է կառուցվեն երեխայի կարիքների շուրջ, այլ ոչ թե երեխան ստիպված լինի հարմարվել համակարգի նախապես սահմանված լուծումներին։

Այս մոտեցումը ենթադրում է ավելի ճկուն մտածողություն երեխաների պաշտպանության համակարգերում։

Օրինակ, որոշ դեպքերում խնամատար ընտանիքը հետագայում կարող է դառնալ նաև որդեգրող ընտանիք, եթե դա համապատասխանում է երեխայի լավագույն շահին և ընտանիքի պատրաստակամությանը։                                                                             

Քննարկման ընթացքում շեշտվեց, որ գործող օրենսդրությունները հաճախ խնամատարությունն ու որդեգրումը դիտարկում են որպես ամբողջությամբ առանձին գործընթացներ, մինչդեռ երեխայի տեսանկյունից ամենակարևորը ոչ թե իրավական կարգավիճակն է, այլ կայունությունն ու պատկանելիության զգացումը։

Ներկայացված մոտեցումը առաջնահերթություն է տալիս.

🔹 պատկանելիության զգացմանը,

🔹 անվտանգության զգացմանը,

🔹 հուզական բարեկեցությանը,

🔹 կայուն և երկարատև կապվածությունների ձևավորմանը։

Աշխատարանի ընթացքում հնչեց ևս մեկ կարևոր գաղափար, որն առանձնացավ մյուս բոլոր քննարկումներից։

💬 «Ռիսկերի կառավարման բեռը պետք է դրվի մեծահասակների, ոչ թե երեխայի վրա»։

Սա նշանակում է, որ երեխան չպետք է դառնա համակարգի անորոշությունների և ձգձգումների կրողը։ Եթե մասնագետները դեռ փորձում են որոշել երեխայի ապագան, այդ ընթացքում երեխան պետք է շարունակի ապրել հնարավորինս կայուն միջավայրում և չկրի համակարգի որոշումների հետևանքները։                                                                                                                                                             

Քննարկման ավարտին ընդգծվեց, որ ապաինստիտուցիոնալացումը միայն հաստատությունների փակումը չէ։ Այն շատ ավելի լայն գործընթաց է, որը ներառում է ընտանիքների աջակցությունը, համայնքային ծառայությունների զարգացումը, խնամատար ընտանիքների համակարգի ուժեղացումը և յուրաքանչյուր երեխայի համար կայուն ու կանխատեսելի ապագայի ապահովումը։             

Աշխատարանի գլխավոր ուղերձը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ․

💬 «Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի հնարավորինս շուտ ունենալու կայուն, անվտանգ և մշտական ընտանեկան միջավայր, իսկ երեխաների պաշտպանության համակարգի առաջնային նպատակը պետք է լինի այդ ճանապարհին ավելորդ կորուստների և փոփոխությունների նվազեցումը»։                                                                                                                                                                                    

photo_2026-06-17_11-31-08