Տեղեկագիրք 2025թ․
Նվիրաբերիր հիմա

Բիզնես–ՀԿ  համագործակցություն՝  հանուն երեխաների պաշտպանության

 

  Eurochild 2026 համաժողովի շրջանակում մասնակցեցինք աշխատարանին, որի ընթացքում ներկայացվեց բիզնեսների հավաստագրման նորարարական մոդելը, որն արդեն հաջողությամբ կիրառվում է Բուլղարիայում և ներկայումս ներդրման փուլում է Կոսովոյում։

  Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել բիզնեսներին՝ դառնալու ավելի պատասխանատու գործատուներ, ավելի լավ պաշտպանելու երեխաների իրավունքները և ստեղծելու ավելի բարենպաստ միջավայր աշխատակիցների, նրանց ընտանիքների և երեխաների համար։                                                                                                                                                                                                              

 Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ նախաձեռնությունը չի ստեղծում նոր կամ արհեստական չափանիշներ։ Այն հիմնված է երեխաների իրավունքների, մարդու իրավունքների և սոցիալական պատասխանատվության ոլորտում արդեն իսկ գոյություն ունեցող միջազգային սկզբունքների գործնական կիրառման վրա։                                                                                                                           

 Ներկայացվեց, որ հավաստագրման մոդելը դիտարկվում է ոչ միայն որպես գնահատման գործիք, այլ նաև որպես զարգացման գործընթաց։ Դրա նպատակը կազմակերպություններին «ստուգելն» ու թերություններ գտնելը չէ, այլ նրանց հետ համատեղ բարելավել այն ազդեցությունը, որը նրանք ունեն աշխատակիցների, ծնողների, երեխաների և համայնքների վրա։                                  

  Հավաստագրման գործընթացի շրջանակում ընկերությունները լրացնում են հարցաշար, որը սկզբնական շրջանում ներառում էր շուրջ 120 հարց, սակայն գործնական փորձի արդյունքում այն կրճատվել է մինչև մոտ 49 հարց։ Հարցերը վերաբերում են մի շարք կարևոր ուղղությունների, այդ թվում՝ աշխատակիցների բարեկեցությանը, աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությանը, ընտանիքամետ քաղաքականություններին, հղի և կրծքով կերակրող կանանց աջակցությանը, որդեգրող և խնամատար ծնողների նկատմամբ մոտեցումներին, երեխաների իրավունքներին, մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը, սեռական ոտնձգությունների կանխարգելմանը, երեխաների պաշտպանության և safeguarding-ի քաղաքականություններին, ինչպես նաև մանկական աշխատանքի բացառմանն ու մատակարարման շղթաների պատասխանատվությանը։                                                                                                                                                                                                     

  Որպես օրինակ ներկայացվեց Բուլղարիայի վարդահավաքի ոլորտը, որտեղ երբեմն երեխաներ են ներգրավվում գյուղատնտեսական աշխատանքներում։ Նշվեց, որ հավաստագրման գործընթացի շրջանակում գնահատվում է նաև, թե ընկերության մատակարարման շղթայում առկա են արդյոք մանկական աշխատանքի կամ երեխաների իրավունքների խախտման հետ կապված ռիսկեր։                                                                                                                                                                                                             

  Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեց նաև գնահատման գործընթացը։ Ընկերությունը լրացնում է հարցաշարը, որից հետո խորհրդատուն կամ գնահատող մասնագետը մեկ աշխատանքային օր անցկացնում է կազմակերպությունում՝ քննարկելով պատասխանները, ուսումնասիրելով առկա քաղաքականություններն ու գործելակերպը։                                                                                  

  Կարևոր շեշտադրումներից մեկն այն էր, որ ընկերություններից չեն պահանջվում գաղտնի կամ առևտրային տվյալներ։ Նպատակը ոչ թե ներքին տեղեկատվության հավաքագրումն է, այլ համոզվելը, որ կազմակերպությունն ունի համապատասխան քաղաքականություններ, ընթացակարգեր և մեխանիզմներ։ Միաժամանակ բոլոր կողմերի միջև ստորագրվում են գաղտնիության համաձայնագրեր։                                                                                                                                                                                                            Գնահատման ավարտից հետո պատրաստվում է շուրջ 10-15 էջանոց զեկույց, որտեղ նկարագրվում են ընկերության ուժեղ կողմերը, բացահայտված բացերը և զարգացման հնարավորությունները։ Հեղինակները հատուկ ընդգծեցին, որ նախաձեռնությունը հիմնված չէ «մեղավոր գտնելու» մոտեցման վրա։ Դրա նպատակը սխալներ հայտնաբերելը չէ, այլ ընկերությունների հետ համատեղ բարելավումների ուղիներ գտնելը։                                                                                                                                                                                              

   Աուդիտի արդյունքները ներկայացվում են հատուկ հանձնաժողովի, որի կազմում կարող են ընդգրկվել պետական մարմինների, տվյալների պաշտպանության կառույցների, օմբուդսմենի գրասենյակի, բիզնես ասոցիացիաների, առևտրի պալատների, երեխաների իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունների և այլ մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում նշվեց, որ UNICEF-ի ներգրավվածությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։ Ավելի կարևոր է այն կառույցների մասնակցությունը, որոնք իրական ազդեցություն ունեն բիզնես միջավայրի վրա, օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունները, գործարար միությունները կամ առևտրի պալատները։                                                                                                     

  Առանձնահատուկ հետաքրքիր էր հավաստագրումից հետո համագործակցության մասին հատվածը։ Նշվեց, որ հավաստագրի տրամադրմամբ գործընթացը չի ավարտվում։ Ընկերությունների հետ պահպանվում է շարունակական կապ, և նրանք կարող են ներգրավվել երեխաների համար իրականացվող ծրագրերում, աջակցել համայնքային նախաձեռնություններին, ֆինանսավորել մրցանակաբաշխություններ կամ կրթական միջոցառումներ, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և համագործակցել երեխաների իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ։

  Որպես օրինակ ներկայացվեց Կոսովոյի փորձը, որտեղ հավաստագրված ընկերություններից մեկը նախաձեռնել էր իր աշխատակիցների համար տեղեկատվական հանդիպումներ երեխաների պատվաստումների թեմայով։ Այս օրինակը ցույց էր տալիս, թե ինչպես կարող է հավաստագրման գործընթացը վերածվել երկարաժամկետ և բովանդակալից համագործակցության։

  Քննարկվեց նաև մոնիթորինգի և ռիսկերի կառավարման հարցը։ Հավաստագիրը տրամադրվում է երեք տարի ժամկետով, սակայն այդ ընթացքում շարունակվում է կազմակերպության գործունեության դիտարկումը։

  Մասնակիցներին հետաքրքրում էր, թե ինչ է տեղի ունենում, եթե հավաստագրված ընկերությունում տեղի է ունենում լուրջ միջադեպ, օրինակ՝ երեխայի նկատմամբ բռնության դեպք կամ սեռական բնույթի հանցագործություն։ Ներկայացված մոտեցման համաձայն՝ նման միջադեպը ինքնին չի հանգեցնում հավաստագրի ավտոմատ կորստի։ Ավելի կարևոր է գնահատել, թե ինչպես է արձագանքել կազմակերպությունը, ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ դասեր են քաղվել և ինչ կանխարգելիչ մեխանիզմներ են ներդրվել հետագայում։                                                                                                                                                                                                                           

  Սակայն եթե ընկերությունը չի արձագանքում, անտեսում է խնդիրը կամ շարունակում է հանդուրժել խախտումները, հավաստագիրը կարող է վերանայվել կամ հետ կանչվել։ Քննարկման ընթացքում ընդգծվեց ևս մեկ կարևոր միտք․ ոչ մի կազմակերպություն լիովին ապահովագրված չէ ռիսկերից։ Այդ պատճառով ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն միջադեպի փաստը, այլ նաև կազմակերպության արձագանքի որակը։

  Նախաձեռնության հեղինակները ներկայացրին նաև միջազգային ընդլայնման իրենց տեսլականը։ Նշվեց, որ Բուլղարիայում ստեղծված մոդելը հետագայում գրանցվել է նաև եվրոպական մակարդակում, ինչը հնարավորություն է տալիս այն տարածել այլ երկրներում։ Ցանկացող կազմակերպությունները կարող են դիմել ազգային գործընկեր դառնալու համար, ստորագրել համագործակցության փաստաթղթեր, ստանալ մեթոդաբանությունը, գործիքները և անհրաժեշտ վերապատրաստումը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ֆինանսական մոդելին։ Ընկերությունները վճարում են ինչպես հավաստագրման գործընթացի, այնպես էլ տարեկան անդամակցության համար։ Վճարների չափը կախված է կազմակերպության չափից, աշխատակիցների թվից և շրջանառությունից։ Ներկայացվեց այն գաղափարը, որ նման մոդելը կարող է օգնել նաև հասարակական կազմակերպություններին դառնալ ավելի ֆինանսապես կայուն և նվազեցնել բացառապես դրամաշնորհներից կախվածությունը։                                                                                                                                                                                                                   

  Բիզնեսների ներգրավման մարտահրավերների մասին խոսելիս նշվեց, որ շատ ընկերություններ հոգնել են տարբեր աուդիտներից և ստուգումներից։ Այդ պատճառով նախաձեռնության հեղինակները հաճախ խուսափում են «աուդիտ» բառից՝ նախընտրելով օգտագործել «գնահատում», «խորհրդատվություն» կամ «զարգացման գործընթաց» ձևակերպումները։

    Ներկայացվեց նաև, որ ընկերություններում նախաձեռնության հիմնական շարժիչ ուժը հաճախ ESG պատասխանատուներն են, HR բաժինները, PR թիմերը կամ գլխավոր տնօրենները։ Հատկապես ESG ոլորտի մասնագետներն են հաճախ առաջ տանում գործընթացը, քանի որ այն անմիջականորեն կապված է կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության օրակարգի հետ։

  Աշխատարանի ավարտին ներկայացվեց նախաձեռնության ավելի լայն տեսլականը։ Այն ուղղված է ոչ միայն հավաստագրեր տրամադրելուն, այլ նաև միջազգային համագործակցության հարթակ ստեղծելուն, որտեղ բիզնեսները, պետական կառույցները և երեխաների իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունները կարող են համատեղ քննարկել ընտանիքամետ քաղաքականությունները, երեխաների պաշտպանությունը, ապագայի աշխատուժի զարգացումը և սոցիալական պատասխանատվության հարցերը։

   Մոդելը ներկայացվեց որպես փոխշահավետ համագործակցության օրինակ, որտեղ շահում են բոլոր կողմերը՝ բիզնեսները, հասարակական կազմակերպությունները, աշխատակիցները, ընտանիքները և, ի վերջո, երեխաները։                                                        

💬 Աշխատարանի գլխավոր ուղերձն այն էր, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը միայն պետության կամ հասարակական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ։ Բիզնեսներն էլ կարող են և պետք է դառնան այդ գործընթացի ակտիվ մասնակիցները՝ ստեղծելով ավելի անվտանգ, ներառական և երեխաների իրավունքները հարգող միջավայր։     


724287061_1413471667478808_768431682173606916_n