Լոռու մարզում ԵՊՑ թիմի հանդիպումները անդամ կազմակերպությունների հետ
ԵՊՑ ամառ-աշուն գործուղումների համատեքստում Երեխաների պաշտպանության ցանցն ամփոփեց աշխատանքային այցերը Լոռու մարզ։ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում ԵՊՑ թիմն այցելեց AMAA-ի Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն, «Առավոտ» ՀԿ, «Լիարժեք կյանք» ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Լուսաստղ» ՀԿ, «Արփի» ՀԿ և Հայկական Կարիտասի Վանաձորի Փոքր տուն։
Տեղում ծանոթացանք մեր անդամ կազմակերպությունների ծրագրերին, նրանց կողմից մատուցվող ծառայություններին, կազմակերպությունների թիմերի հետ։
Մեր անդամ կազմակերպությունների գործունեության ուղղությունները տարբեր են, հետևապես տարբեր են նաև Ցանցի և կազմակերպությունների համագործակցության եզրերն ու հնարավորությունները։ Գործընկերության հիմքում ունենալով երեխաների և նրանց իրավունքների պաշտպանությունը՝ հանդիպումների ժամանակ քննարկվեցին այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց արձագանքումը պահանջում է համատեղ ջանքեր և համակարգված մոտեցում։ Անդրադարձ եղավ նաև երեխաների պաշտպանության ոլորտում քաղաքական և հանրային օրակարգի ձևավորմանը, տարածաշրջանային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծումների որոնմանը։
Կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների և տեղական փորձի հիման վրա վեր են հանվում նաև Ցանցի ապագա ադվոկացիոն նախաձեռնությունները՝ համայնքներում երեխաների և նրանց ընտանիքների պաշտպանությունն առավել տեսանելի ու ազդեցիկ դարձնելու համար։
Ցանցի և անդամ կազմակերպությունների միջև նման հանդիպումները կարևոր հարթակ են՝ ձևավորելու ընդհանուր դիրքորոշումներ, ուժեղացնելու գործընկերությունը և ապահովելու, որ երեխաների պաշտպանությունը լինի հասարակական ու պետական քաղաքականության առաջնային ուղղություն։
—————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։