Տեղեկագիրք 2025թ․
2 տարեկան երեխայի անհետացման մասին

Ամեն տարի Եվրոպայում ավելի քան 100,000, իսկ ԱՄՆ-ում 450.000 երեխա է անհետանում։ Չնայած Հայաստանում դեպքերը քանակով քիչ են, երբեք չպետք է կորցնենք զգոնությունը․ անգամ մեկ անհետացած երեխա արդեն չափազանց շատ է։

Երեխաների պաշտպանության ցանցը մշակել է 10 գործնական խորհուրդ, որոնք կօգնեն կանխել անհետացման ռիսկը և պահպանել երեխաների անվտանգությունը։

🔹 1. Սովորեցրեք երեխային իր հիմնական տվյալները

Սովորեցրեք երեխային իր անուն-ազգանունը, Ձեր անուն-ազգանունը և գոնե մեկ հեռախոսահամար։ Պարբերաբար կրկնեք՝ խաղերի ձևով կամ երգի միջոցով։

🔹 2. Սահմանեք պարզ կանոններ հանրային վայրերում

Միշտ բռնեք երեխայի ձեռքը մարդաշատ վայրերում և հիշեցրեք՝ առանց Ձեր թույլտվության որևէ մեկի հետ չպետք է հեռանա։ Կարող եք հանրային վայրում առանձացնել որևէ օբյեկտ (օրինակ` շատրվան, արձան, տոմսարկղ և այլն). երեխային ասեք, որ իրար կորցնելու դեպքում կհանդիպեք այդ օբյեկտի մոտ։

🔹 3. Օգտագործեք տեխնոլոգիաները

GPS-ով ժամացույցները, հավելվածները, գտնող սարքերը (trackers) ևս կարող են օգտակար լինել, սակայն, իհարկե, չեն կարող փոխարինել ծնողական հսկողությունը։

🔹 4. Պահպանեք թարմ լուսանկարներ և տվյալներ

Պահպանեք վերջերս արված երեխայի լուսանկարներ, հասակը, քաշը և առողջական տվյալները։ Այս տեղեկությունները կարող են կարևոր լինել արտակարգ իրավիճակներում։

🔹 5. Խուսափեք երեխայի անունը տեսանելի հատվածներում գրելուց և զգուշացեք սոցիալակամ ցանցերով տարածումից

Փորձեք չգրել երեխայի անունը դրսից տեսանելի իրերի վրա (դպրոցական պայուսակ, բաճկոն և այլն)։ Անծանոթը կարող է օգտագործել անունը՝ երեխայի վստահությունը շահելու համար։ Միաժամանակ զգույշ եղեք երեխայի անունը, դպրոցը կամ այլ կարևոր տվյալները սոցիալական ցանցերում տարածելու հարցում։ Ձեր հրապարակումները կարող են լուրջ ռիսկ ստեղծել։

🔹 6. Առանձնահատուկ ուշադիր եղեք երեխաների նկատմամբ մեծ միջոցառումների ժամանակ

Հարսանիքներին, փառատոներին կամ այլ մեծ միջոցառումների ժամանակ հստակ պայմանավորվեք՝ ով է հսկում երեխային։ Երբեք մի ենթադրեք, որ «մյուսը հետևում է»։ Երեխաները հաճախ անհետանում են, որովհետև, օրինակ, հայրը վստահ է, որ մայրն է հետևում, իսկ մայրը վստահ է, որ հայրն է հետևում։ Արդյունքում երեխան ուշադրությունից դուրս է հայտնվում։

🔹 7. Խոսեք անվտանգության կանոնների մասին, երբ երեխան պետք է միայնակ մի կետից մյուսը շարժվի

- Սահմանեք հստակ երթուղի:

- Հիշեցրեք երեխային, որ չխոսի անծանոթների հետ, չընդունի առաջարկվող ուղևորություններ:

- Հեռախոսով կապի մեջ եղեք երեխայի հետ:

🔹 8. Խոսեք և խաղարկեք հնարավոր իրավիճակներ

- Խաղաղ պայմաններում հարցրեք՝ «Ի՞նչ կանես, եթե խանութում մոլորվենք»։

- Սովորեցրեք, որ ցանկալի է մնալ նույն վայրում կամ նախապեա պայմանավորված վայրում կամ որոնել վստահելի մեծահասակի (անվտանգության աշխատակից, խանութի աշխատակից, մայր երեխայով):

🔹 9. Անվտանգության շուրջ վարեք շարունակական զրույցներ

Մի սպասեք արտակարգ դեպքերի՝ խոսելու անվտանգության մասին։ Ստեղծեք վստահության մթնոլորտ, որ երեխաներն ազատորեն հարցեր տան ու կիսվեն իրենց մտահոգություններով։

🔹 10. Ներգրավեք հարևաններին և մյուսներին

Երեխայի անվտանգությունը միայն ընտանիքի պատասխանատվությունը չէ։ Խրախուսեք շրջապատին ևս աչալուրջ լինել՝ մանկապարտեզ, դպրոց, բակ և այլն։ Զգոն հարևանը կարող է կանխել ողբերգությունը։