Տեղեկագիրք 2025թ․


Երեխաների պաշտպանության ցանցի համահիմնադիր «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն    

 

Միրա Անտոնյանը «Երեխաների պաշտպանության ցանցի» (ԵՊՑ) ստեղծման գաղափարի հեղինակը և հիմնադիրներից է։ 2005 թվականից նա սկսել է ցանցի ձևավորման գործընթացը՝ միավորելով երեխաների պաշտպանության ոլորտում գործող մասնագետներին և կազմակերպություններին՝ համագործակցության և համակարգված շահապաշտպանության ընդհանուր հարթակում։ Տարիներ շարունակ, առանց պաշտոնական գրանցման, նրա և կամավորների նվիրված աշխատանքի շնորհիվ ԵՊՑ-ը կարողացել է ամրապնդել իր կարողությունները, հանդես գալ համակարգային բարեփոխումների առաջարկներով և պաշտպանել ամենախոցելի երեխաների իրավունքները։ Միրա Անտոնյանը հանդիսանում է Հայկական Օգնության Ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենը և միաժամանակ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահը։ Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասավանդում է Երևանի պետական համալսարանի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում, ինչպես նաև հանդես է գալիս որպես հրավիրյալ դասախոս՝ Եվրոպայի, ԱՊՀ և Ամերիկայի մի շարք համալսարաններում։ Նրա ղեկավարությամբ մշակվել են սոցիալական պաշտպանության ծառայությունների նոր մոդելներ՝ խնամատարություն, ճգնաժամային միջամտություն, համայնքային ցերեկային ծառայություններ, արտագնա կանխարգելման թիմեր, և այլընտրանքային խնամքի ու վերաինտեգրման նորարարական մեխանիզմներ։ Նա հեղինակել է շուրջ 100 գիտական հոդված, մեթոդական ուղեցույց և հետազոտություն՝ նվիրված երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումներին։ ԵՊՑ-ում Միրա Անտոնյանը պատրաստ է իր փորձը ներդնել մասնագիտական միջոցառումների կազմակերպման, կարողությունների զարգացման, շահապաշտպանության և հանրային իրազեկման աշխատանքներում՝ հանդես գալով որպես խոսնակ, դասընթացավար և փորձագետ։