Ֆիլիպ Ջաֆե․ երեխաների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն խոստումներ, այլև իրական համակարգային փոփոխություններ
Աթենքում կայացած «Connect to Protect» միջազգային համաժողովի առանցքային բանախոսներից մեկը երեխաների իրավունքների միջազգային փորձագետ, պրոֆեսոր Ֆիլիպ Ջաֆեն էր, որն իր ելույթում անդրադարձավ երեխաների պաշտպանության համաշխարհային մարտահրավերներին, պետական համակարգերի բացերին և երեխաների իրավունքները գործնականում ապահովելու անհրաժեշտությանը։
Ֆիլիպ Ջաֆեի հիմնական ուղերձն այն էր, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային հանրությունն արդեն կուտակել է զգալի գիտելիքներ, ընդունել է կարևոր իրավական փաստաթղթեր և մշակել տարբեր մեխանիզմներ։ Սակայն դրանց առկայությունը դեռևս չի նշանակում, որ յուրաքանչյուր երեխա իրականում պաշտպանված է։
Անցյալ տարի այս օրերին պրոֆեսոր Ջաֆեն մեզ հետ էր ԵՊՑ գրասենյակում. քննարկում էինք Հայաստանի ազգային զեկույցին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի արձագանքը։ Այս տարի Աթենքում լսեցինք նրա ելույթը, որից ներկայացնում ենք մի մեծ ծաղկաքաղ։
Երեխաների պաշտպանության մասնատված համակարգերը
Բանախոսն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց պետական և մասնագիտական համակարգերի միջև առկա բացերին։
Երեխաների կյանքի վրա միաժամանակ ազդում են ընտանիքը, կրթությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը, արդարադատությունը և թվային միջավայրը։ Սակայն այդ ոլորտների ծառայությունները հաճախ գործում են միմյանցից անկախ՝ առաջնորդվելով տարբեր ընթացակարգերով և առաջնահերթություններով։
Նման իրավիճակում երեխայի խնդիրները կարող են հայտնվել տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում, բայց ամբողջական աջակցություն չապահովվել։
Ֆիլիպ Ջաֆեն ընդգծեց, որ անհրաժեշտ է անցնել պարզապես համագործակցության մասին հայտարարություններից դեպի փոխկապակցված ծառայությունների իրական համակարգ։
Կարևոր է, որ յուրաքանչյուր ծառայություն հասկանա ոչ միայն իր գործառույթը, այլև մյուս կառույցների հետ համագործակցության անհրաժեշտությունն ու երեխայի պաշտպանության ընդհանուր նպատակը։
Երեխաների իրավունքները պետք է արտացոլվեն պետական քաղաքականություններում
Անդրադառնալով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային՝ բանախոսը շեշտեց, որ միջազգային պարտավորությունների ստանձնումը պաշտպանության միայն սկզբնական քայլն է։
Երեխաների իրավունքները պետք է արտահայտվեն պետական բյուջեներում, սոցիալական ծրագրերում, առողջապահական և կրթական ծառայություններում, ինչպես նաև որոշումների կայացման ընթացակարգերում։
Նա կարևորեց վաղ կանխարգելման, ընտանիքների աջակցության, երեխաների հոգեկան առողջության, մանկական աղքատության հաղթահարման և բռնությունից պաշտպանության ուղղությամբ կայուն ներդրումները։
Ըստ բանախոսի՝ երեխաների իրավունքների իրացումը պետք է գնահատել ոչ թե միայն ընդունված օրենքներով կամ իրականացված միջոցառումներով, այլ երեխաների կյանքի իրական փոփոխություններով։
Փոխկապակցված ճգնաժամեր և երեխաների աճող խոցելիություն
Ֆիլիպ Ջաֆեն անդրադարձավ այն բազմաթիվ մարտահրավերներին, որոնց այսօր բախվում են երեխաները։
Զինված հակամարտությունները, հարկադիր տեղահանությունը, աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, սոցիալական անհավասարությունը և թվային միջավայրի վտանգները կարող են միաժամանակ ազդել երեխայի կյանքի վրա։
Բանախոսը շեշտեց, որ նման խնդիրներին հնարավոր չէ արդյունավետ արձագանքել միայն մեկ ոլորտի կամ կազմակերպության ուժերով։
Երեխաների պաշտպանության համակարգերը պետք է կարողանան համատեղ գնահատել տարբեր ռիսկերը և ապահովել երեխայի կարիքներին համապատասխան շարունակական աջակցություն։
Երեխաների մասնակցությունը պետք է իրական ազդեցություն ունենա
Ելույթի կարևորագույն թեմաներից մեկը երեխաների մասնակցության իրավունքն էր։
Ֆիլիպ Ջաֆեն անդրադարձավ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածին՝ ընդգծելով, որ երեխաների կարծիքը լսելը դեռևս բավարար չէ նրանց իրական մասնակցությունն ապահովելու համար։
Եթե երեխաներին հնարավորություն է տրվում արտահայտելու իրենց տեսակետները, բայց այդ տեսակետները որևէ ազդեցություն չեն ունենում որոշումների վրա, մասնակցությունը դառնում է ձևական։
Բանախոսի մոտեցմամբ՝ մեծահասակները պետք է պատրաստ լինեն երեխաների կարծիքի հիման վրա վերանայելու սեփական դիրքորոշումները, ծառայությունների կազմակերպման ձևերն ու քաղաքական որոշումները։
Գիտելիքից դեպի գործողություն
Ֆիլիպ Ջաֆեն կարևորեց նաև համակարգերի հաշվետվողականությունը և երեխաների իրավունքների խախտումներին իրական արձագանքելու անհրաժեշտությունը։
Նա ընդգծեց, որ երեխաների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն ճանաչել խնդիրները, այլև ապահովել դրանց լուծման հստակ մեխանիզմներ, իրական վերահսկողություն և երկարաժամկետ փոփոխություններ։
Ծաղկաքաղ պրոֆ. Ջաֆեի ելույթից
Երեխաներին առնչվող ռիսկերը բազմապատկվում են, փոխազդում են միմյանց հետ և արագանում են, մինչդեռ երեխաների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունները՝ ընտանիքները, դպրոցները, սոցիալական ծառայությունները, դատարանները, քաղաքացիական հասարակությունը, ազգային կառավարությունները և միջազգային կազմակերպությունները, բոլորը գտնվում են քաղաքական, ֆինանսական և բարոյական ճնշման տակ։
Ժամանակները մթագնում են ոչ թե այն պատճառով, որ երեխաները հանկարծ դարձել են ավելի խոցելի։ Դրանք մթագնում են այն պատճառով, որ մեծահասակների հասարակությունն ավելի ու ավելի է ձախողվում՝ ապահովելու այն հեռատեսությունը, համերաշխությունը, զսպվածությունն ու պաշտպանությունը, որոնցից կախված են երեխաները։
Ուշագրավ է հանգուցյալ մտածող Էդգար Մորինի գաղափարը: Վերջինս մահացավ 104 տարեկան հասակում, ականատես է եղել գրեթե ամեն ինչի՝ պատերազմների, տոտալիտարիզմի, ապագաղութացման, տեխնոլոգիական վերափոխումների, էկոլոգիական ճգնաժամի և ժողովրդավարության խոցելիության։
Մորինը զգուշացնում էր, որ գիտելիքի առաջընթացը հանգեցրել է մտածողության հետընթացի։
Այս նախազգուշացումը անմիջականորեն վերաբերում է երեխաների իրավունքներին։
Մենք այսօր ավելի շատ բան գիտենք, քան երբևէ՝ երեխայի զարգացման, տրավմայի, բռնության, հոգեկան առողջության, կլիմայի փոփոխության, թվային միջավայրի վնասների, անհավասարության և արդյունավետ սոցիալական քաղաքականության մասին։
Եվ այնուամենայնիվ, մեր մտածողությունը հաճախ շարունակում է մնալ մասնատված։
Մի նախարարություն զբաղվում է կրթությամբ, մյուսը՝ առողջապահությամբ, մեկ ուրիշը՝ բնակարանային ապահովմամբ, արդարադատությամբ, միգրացիայով, տեխնոլոգիաներով և այլն։
Այսպիսով, մարտահրավերն այն է, որ մասնատվածությունը փոխարինենք կապով և համագործակցությամբ, արձագանքումը՝ կանխարգելմամբ, ինստիտուցիոնալ հարմարավետությունը՝ երեխաների իրական կյանքի և փորձի վրա հիմնված մոտեցմամբ, իսկ հռետորական հանձնառությունները՝ հաշվետվողականությամբ։
Մորինի նախազգուշացումն այն է, որ երբ գիտելիքը բաժանվում է առանձին, մեկուսացված ոլորտների, երեխաները կորչում են այդ ոլորտների միջև։
Եվ հենց այդ պատճառով է կարևոր երեխաների իրավունքների պատմությունը։
Այն, ի թիվս այլ բաների, սովորելու պատմություն է՝ հասկանալու, որ գոյատևումը, զարգացումը, պաշտպանությունն ու մասնակցությունը չեն կարող դիտարկվել միմյանցից անջատ։
Գրեթե մեկ դար առաջ Էգլանտին Ջեբը, «Save the Children»-ի հիմնադիրը և 1924 թվականի Երեխայի իրավունքների հռչակագրի հեղինակը, ձևակերպեց բացառիկ բարոյական սկզբունք․
«Մարդկությունը երեխային պարտք է այն լավագույնը, ինչ կարող է տալ»։
Այսօրվա Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան այդ բարոյական համոզմունքը վերածեց իրավական պարտավորության։
Երեխաները իրավունքների կրողներ են, և ունեն պաշտպանության, առողջության, ինքնության, կրթության, ընտանեկան կյանքի, խաղի, հավասարության և, ըստ էության, բոլոր հիմնարար իրավունքների իրավունք։
Կոնվենցիան փոխել է օրենքները, հաստատությունները և հասարակության ակնկալիքները։ Մենք առաջընթաց ունեցել ենք։
Բայց մենք չպետք է վավերացումը շփոթենք իրական պաշտպանության հետ, կամ իրավական նորմերի ընդունումը՝ դրանց գործնական իրականացման հետ։
Երեխան Կոնվենցիայի ազդեցությունը զգում է միայն այն ժամանակ, երբ՝
- բռնության մասին խոսելուց հետո նրան հավատում են,
- նա ստանում է հոգեկան առողջության աջակցություն՝ մինչև իրավիճակը ճգնաժամային դառնալը,
- ընտանիքը ստանում է աջակցություն՝ մինչև աղքատությունը միջամտության հիմք դառնալը,
- խնամքի տակ գտնվող երեխան հասկանում է, թե ինչ է կատարվում իր հետ և իրական հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտելու և որոշումների վրա ազդելու,
- հաշմանդամություն ունեցող երեխան ներառված է,
- միգրացիոն կարգավիճակ ունեցող երեխան պաշտպանվում է, այլ ոչ թե պատժվում,
- և երբ երեխան կարող է սովորել, խաղալ և առանց վախի պատկերացնել իր ապագան։
Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու է այս համաժողովի՝ «Connect to Protect» խորագիրը արտահայտում պաշտպանության գաղափարի վերաբերյալ մեր պատկերացման փոփոխությունը։
Երբ UNICEF-ը ստեղծվեց 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից հետո, պաշտպանությունը նշանակում էր շատ պարզ բաներ՝ սնունդ, դեղորայք և շտապ օգնություն։
Այնուհետև այդ պատկերացումն ընդլայնվեց՝ ներառելով առողջությունը, սնուցումը, կրթությունը և զարգացումը։
Իսկ Կոնվենցիայի ընդունմամբ տեղի ունեցավ ևս մեկ կարևոր առաջընթաց․ երեխաները սկսեցին ընկալվել ոչ միայն որպես մեծահասակների բարեգործության շահառուներ, այլև որպես իրավունքների կրողներ։
Սկզբնական շրջանում երեխաների պաշտպանության աշխատանքը հիմնականում կենտրոնացած էր կոնկրետ խախտումների վրա՝ մանկական զինվորներ, թրաֆիքինգ, բռնություն, ընտանիքներից բաժանված կամ հաստատություններում տեղավորված երեխաներ։
Բայց աստիճանաբար պարզ դարձավ, որ առանձին խնդիրներին առանձին արձագանքները անբավարար են և շարունակում են անբավարար լինել։
Երեխան, որը պաշտպանված է մեկ տեսակի վնասից, շարունակում է մնալ խոցելի, եթե ընտանիքին անհրաժեշտ աջակցությունը հասանելի չէ, դպրոցն անվտանգ չէ, հոգեկան առողջության ծառայությունները հասանելի չեն, կամ հաստատությունները միմյանց հետ չեն համակարգում իրենց աշխատանքը։
Կանխարգելիչ միջոցները և հաշվետվողականությունը՝ միասին վերցրած, պետք է կանխեն վնասը, հնարավորություն տան վաղ արձագանքելու և ապահովեն վնասի վերականգնման ու փոխհատուցման մեխանիզմներ։
Սա է պատճառը, որ այսօր շատ կազմակերպություններ անցել են համակարգային մոտեցման։
Երեխաների պաշտպանությունն այլևս միայն այն չէ, որ վնասը տեղի ունենալուց հետո փրկենք երեխային։ Այն նշանակում է կառուցել այնպիսի օրենքներ, ծառայություններ, բյուջեներ, մասնագիտական կարողություններ, պաշտպանության մեխանիզմներ և հաշվետվողականության համակարգեր, որոնք կանխում են վնասը, վաղ փուլում հայտնաբերում այն, արդյունավետ արձագանքում և հնարավորություն են տալիս երեխաներին ստանալու համապատասխան աջակցություն ու վերականգնում։
Սա մտավոր և էթիկական առաջընթաց է։
Բայց, կարծում եմ, դա միաժամանակ մեր խնդիրը դարձնում է ավելի բարդ և պահանջկոտ։
Երեխաների պաշտպանությունը պետք է ներդրված լինի հասարակության առօրյա և հիմնական համակարգերի մեջ՝ ընտանիքի աջակցություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, արդարադատություն, բնակարանային քաղաքականություն, միգրացիա, կլիմայական քաղաքականություն և տեխնոլոգիաների կառավարում։
Եվ այստեղ, կարծում եմ, մենք պետք է առերեսվենք մի անհարմար ճշմարտության հետ․ պաշտպանության գաղափարն ինքնին խաթարված է։
Մենք շարունակում ենք կատարելագործել ընթացակարգային իրավունքները, չափորոշիչները, երեխաների կարիքներին զգայուն համակարգերը և այս ամենը կարևոր է։
Բայց ոչ մի ընթացակարգային կատարելագործում չի կարող փոխարինել երեխայի իրական անվտանգությանը. երբ նա քայլում է դպրոց գնալու ճանապարհին, օգտվում է համացանցից, հատում է սահմանը կամ ապրում է պաշարված քաղաքում։
Պաշտպանված լինելը կարևոր է, բայց դա ինքնին չի փոխարինում իրական անվտանգությանը։
Եվ, այնուամենայնիվ, չնայած այս ամբողջ խավարին, նվիրվածության և եռանդի պակաս չկա։
Մենք տեսնում ենք լուրջ աշխատանք՝ բռնությունը կանխելու, ընտանիքներն ամրապնդելու, բազմամասնագիտական արձագանքներ զարգացնելու, դպրոցները բարելավելու, մասնակցությունը հնարավոր դարձնելու և երեխաների պաշտպանության ավելի արդյունավետ համակարգեր կառուցելու ուղղությամբ։
Եվ այս ջանքերը կարևոր են։
Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է տանք ավելի բարդ հարցը․
բոլոր հայտարարություններից, զեկույցներից, գագաթնաժողովներից, համաժողովներից, գործողությունների ծրագրերից, արշավներից և, ինչպես դուք նշեցիք, ազգային ռազմավարություններից հետո, ի՞նչ է փոխվել իշխանության մշակույթում։
Արդյո՞ք մենք կանխարգելումը դարձրել ենք քաղաքական առաջնահերթություն։
Մեզ անհրաժեշտ է նոր սոցիալական պայմանագիր, որտեղ երեխաների վիճակը կչափվի ոչ թե հայտարարություններով, այլ ընդունված որոշումներով։
Եվ սա նշանակում է ներդրումներ կանխարգելման, սոցիալական պաշտպանության, ընտանիքների աջակցության, վաղ մանկության ծառայությունների, հանրային առողջապահության, հոգեկան առողջության ծառայությունների, աղքատության դեմ պայքարի և այլ ուղղություններում։ Եվ այսպես շարունակ։ Չեմ ուզում կրկնել մնացած ամեն ինչ։
Սա պետք է նշանակի նաև երեխաների պաշտպանության և արդարադատության այնպիսի համակարգեր, որոնց երեխաները կարող են դիմել առանց վախի․ համակարգեր, որոնք համակարգում են իրենց աշխատանքը երեխայի շուրջ, նվազագույնի են հասցնում կրկնակի տրավմատիզացիան, հարգում են ընտանեկան կապերը, երբ դա անվտանգ է, և իրավունքների խախտման դեպքում ապահովում են իրական և արդյունավետ պաշտպանության միջոց։
Գուցե «երկինքը իսկապես մթնել է», բայց խավարն ունի մեկ բարոյական առավելություն․ այն ավելի տեսանելի է դարձնում լույսի բոլոր աղբյուրները, որոնք դեռ կան։
Վերջնական հարցը այն չէ, թե արդյոք երեխաները մեզ կդատեն ապագայից։
Հարցն այն է, թե արդյոք նրանք կտեսնեն, որ երբ երկինքը մթնեց, մեծահասակները ընտրեցին միասնությունն ու կապը՝ մասնատվածության փոխարեն, ընտրեցին խնամքը (հոգատարությունը)՝ անտարբերության փոխարեն, ընտրեցին հաշվետվողականությունը՝ պատասխանատվությունից խուսափելու փոխարեն, և ընտրեցին քաջությունը՝ ձգձգման փոխարեն։
Ելույթի ամբողջական տեքստը ցանկանալու դեպքում գրեք մեզ, սիրով կուղարկենք։
Այս մոտեցումները կարևոր են նաև Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգի զարգացման, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման և երեխաների իրավունքների վրա հիմնված քաղաքականությունների մշակման տեսանկյունից։