Հյուրընկալեցինք ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի անդամ Ֆիլիպ Ջաֆֆեին
Հանդիպումն անցկացվեց Երեխաների պաշտպանության ցանցի գրասենյակում՝ ցանցի անդամ կազմակերպությունների մասնակցությամբ։ Մեր նպատակը երկխոսության միջոցով այն հիմնական մտահոգությունների վերհանումն էր, որոնք ամփոփված են Երեխաների իրավունքների կոմիտեին ուղղված Ցանցի այլընտրանքային զեկույցում։
Շեշտադրվեցին հատկապես Կոմիտեի դիտարկումներն ու հանձնարարականները՝ ուղղված մեր երկրին։
Պարոն Ջաֆֆեն կիսվեց երեխաների պաշտպանության ոլորտի գլոբալ մարտահրավերներով՝ մատնանշելով, որ աշխարհի տարբեր կետերում նույն խնդիրները դրսևորվում են տարբեր համատեքստերով, սակայն բոլոր դեպքերում երեխաների ձայնը հաճախ մնում է չլսված։
Այնուհետև քննարկում ծավալվեց Հայաստանի իրողությունների, օրենսդրական կարգավորումների և համակարգային արձագանքների թեմաներով։
Այս հանդիպումն ուշագրավ հնարավորություն էր՝ համախմբելու միջազգային փորձն ու տեղական իրականությունը մեկ սեղանի շուրջ։ Պարոն Ջաֆֆեի դիտարկումներն ու մեկնաբանությունները խթանեցին անկեղծ երկխոսություն և վերահաստատեցին մեր դիրքորոշումները երեխաների պաշտպանության խնդիրների ընկալման վերաբերյալ։ Շնորհակալ ենք արդյունավետ հանդիպման համար։