Տեղեկագիրք 2025թ․


10 քայլ՝ երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու համար
Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերից հետո հաճախ սկսում ենք խոսել այն մասին, թե ինչպես պաշտպանել երեխաներին արդեն տեղի ունեցած վնասից։ Բայց երեխաների պաշտպանությունը սկսվում է շատ ավելի վաղ՝ այն պահին, երբ ծնողը, ուսուցիչը, բժիշկը, մարզիչը, հարևանը կամ ցանկացած մեծահասակ նկատում է վտանգի ազդակն ու չի անտեսում այն։
Ոչ մի երկրի երեխայի պաշտպանության համակարգ չի կարող արդյունավետ աշխատել, եթե հասարակության մյուս դերակատարները լուռ են, անտարբեր կամ վստահ են, որ «դա իրենց գործը չէ»։ Շատ հաճախ բռնությունը տեղի է ունենում ոչ թե անծանոթների, այլ երեխայի համար վստահելի մարդկանց կողմից, և երեխաները միշտ չէ, որ կարողանում են ուղիղ պատմել տեղի ունեցածի մասին։ Այդ պատճառով կարևոր է ոչ միայն սիրել երեխաներին, այլ նաև կարողանալ ժամանակին նկատել, կանխարգելել և արձագանքել։
Ահա 10 կարևոր քայլ, որոնք կարող են օգնել պաշտպանել երեխաներին սեռական բռնությունից․
1. Սովորեցրեք երեխային, որ իր մարմինը իրենն է, և ոչ ոք իրավունք չունի դիպչել իրեն այնպես, որ նա անհարմար զգա, նույնիսկ եթե դա ծանոթ կամ վստահելի մարդ է։
2. Մի ստիպեք երեխային գրկել, համբուրել կամ շփվել մեծահասակների հետ միայն քաղաքավարության համար: Երեխան պետք է զգա, որ իր սահմանները կարևոր են։
3. Բաց և անվտանգ միջավայր ստեղծեք, որտեղ երեխան կարող է առանց վախի խոսել ցանկացած թեմայի մասին՝ իմանալով, որ իրեն կհավատան։
4. Լուրջ վերաբերվեք երեխայի վարքագծի փոփոխություններին՝ մեկուսացում, վախեր, մղձավանջներ, հանկարծակի լռություն կամ ագրեսիվություն։
5. Ուշադրություն դարձրեք այն մեծահասակներին, որոնք փորձում են երեխայի հետ «հատուկ հարաբերություն» կառուցել՝ նվերներով, գաղտնիքներով կամ երեխային մյուսներից առանձնացնելով։
6. Մի սովորեցրեք երեխային միշտ ենթարկվել մեծերին: Երեխան պետք է իմանա, որ կարող է ասել «ոչ»:
7. Հարցրեք ոչ միայն «ինչպե՞ս անցավ օրը», այլ նաև՝ «ո՞ւմ հետ էիր», «ի՞նչն էր քեզ ուրախացրել կամ տխրեցրել»։
8. Եթե երեխան ինչ-որ բան է պատմում, առաջին արձագանքը պետք է լինի հանգիստ լսելը և հավատալը, ոչ թե մեղադրելը կամ կասկածելը։
9. Նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում օգնություն խնդրելը և հաղորդում տալը ճիշտ քայլ է։ Միշտ հիշեք, որ նորմալ է նույնիսկ ամենաչնչին կասկածի դեպքում մասնագետներին տեղեկացնելը, քան լռության պառճառով շարունակվող հնարավոր բռնությունը։
10. Հիշեք՝ երեխաների անվտանգությունը միայն ընտանիքի խնդիրը չէ։ Դա ամբողջ հասարակության պատասխանատվությունն է՝ ծնողների, դպրոցների, մարզիչների, բժիշկների, հարևանների և յուրաքանչյուր մեծահասակի։
Եկեք հենց այսօրվանից ավելի ուշադիր լինենք մեր շրջապատում գտնվող երեխաների նկատմամբ և հիշենք, որ երեխաների պաշտպանությունը բոլորիս պատասխանատվությունն է։
Տարածեք այս գրառումը, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, նկատեն և ժամանակին արձագանքեն։
689500590_1365385775614725_4410252668080373520_n