Երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետները տարիներ շարունակ խոսում էին պետության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայություններ իրականացնելու կարևորության մասին։ 2017 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները վերջապես ստացան այդ հնարավորությունը։ Միայն ԵՊՑ 10 կազմակերպության 27 ծառայություն ներգրավված է պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում։ Դրամաշնորհային ծրագրերին դիմելուց մինչև իրականացման մակարդակ, այնուամենայնիվ, ԵՊՑ անդամները բախվեցին մի շարք մարտահրավերների և խնդիրների, որոնց լուծումն էականորեն կարող էր հեշտացնել ծառայությունների իրականացումը, ինչպես նաև բարձրացնել այդ ծառայությունների արդյունավետությունը և որակը։
Այս նպատակով ԵՊՑ նախաձեռնությամբ 2021 թ․ սեպտեմբերին մշակվեց գործիք, որով դուրս բերվեցին պետության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայություններն իրականացնելիս հանդիպած բացերն ու խնդիրները։ Ուսումնասիրվեցին ԵՊՑ անդամների կողմից իրականացվող ներքոնշյալ ծրագրերը․
• «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում»,
• «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում․ դեպի անկախ կյանք»,
• «Հաշմանդամություն ունեցող աձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում»,
• «Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում»,
• «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ»։
Ուսումնասիրությանը հաջորդեց աշխատանքային քննարկումների շարք, որոնց ընթացքում հավաստագրված կազմակերպությունները բավականին մանրակրկիտ քննարկեցին այդ բացերը և կազմեցին առաջարկների փաթեթ։
Այսպիսով՝ համատեղ ջանքերով հնարավոր եղավ կազմել փաթեթ, որը ներառում էր․
• պետությունից ՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների իրականացման գործընթացում հանդիպող խնդիրներն ու բացերը (մրցույթին դիմելիս, ծառայություն ստացող շահառուներին ընդգրկելիս, ծառայություններ տրամադրելիս, բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ մշակելիս),
• առաջարկներ՝ ուղղված ՀՀ ԱՍՀՆ-ին՝ պետությունից ՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների իրականացման գործընթացի բարելավման նպատակով։
Պետությունից պատվիրակված սոցիալական ծառայությունների բացերի և խնդիրների ուսումնասիրություն