Տեղեկագիրք 2025թ․
Մեր մասին

Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետ` ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ազգային կոալիցիա է: ԵՊՑ-ն զբաղվում է երեխաների պաշտպանությամբ՝ համախմբելով իր անդամ-կազմակերպությունների ռեսուրսներն ու ջանքերը։ Իր բոլոր գործողություններում ԵՊՑ-ի առանցքային սկզբունքը երեխայի լավագույն շահի ապահովումն է: Երեխաների պաշտպանության ցանցում մենք հավատում ենք, որ ապահով և աջակցող միջավայրում մեծացող երեխաները դառնում են իրենց համայնքի արդյունավետ անդամներ։

2005թ ԵՊՑ-ն ստեղծվեց որպես տեղական և միջազգային հասարակական 6 կազմակերպությունների կոալիցիա, որի նպատակն էր ռիսկային իրավիճակում հայտնված երեխաներին ու ընտանիքներին տրամադրվող ծառայությունների բարելավումը: 

2010թ ԵՊՑ-ն երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող կազմակերպությունների համար մշակեց ընդհանուր աշխատանքային մեթոդ. ստեղծվեց միասնական դեպքի վարման տերմինների և ստանդարտների բառարան, ինչպես նաև գնահատման միասնական գործիք ԵՊՑ անդամների համար:  

2012թ 11 անդամ կազմակերպություններով ԵՊՑ-ն պաշտոնապես գրանցվեց՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միություն։ 

2012թ ԵՊՑ-ն անդամագրվեց ChildPact-ին՝ երեխաների պաշտպանության տարածաշրջանային կոալիցիային: ChildPact-ը 10 երկրում երեխաների հարցերով զբաղվող 600 կազմակերպությունների ցանցեր միավորող կառույց էր, որը ԵՊՑ-ին թույլ տվեց տարածաշրջանային համագործակցության արդյունքում մի շարք կարևոր նախաձեռնություններ իրականացնել երկրում: 

2015թ ԵՊՑ-ն մշակեց երեխաների պաշտպանության ինդեքս, որն իրենից ենթադրում էր համեմատական գործիք։ Սրա հիման վրա գնահատվեց Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը՝ մի շարք ցուցանիշների համաձայն: Ներառված էր 626 ցուցանիշ, որոնցով գնահատվեցին պետության քաղաքականությունը, առկա ծառայությունները, կարողությունները, հաշվետվողականությունը, ոլորտում համակարգումը:

2016թ ԵՊՑ-ն արդեն միավորում էր 39 կազմակերպություն։ Ցանցն իր ուշադրության կենտրոնում էր պահում ընտանիքահեն այլընտրանքային խնամքի կարևորությունը, երեխայի՝ ընտանիքում մեծանալու իրավունքի իրացումը և ապաինստիտուցիոնալացման ռեֆորմի իրականացման առաջքաշումը։ 

2017թ ԵՊՑ-ն շարունակեց նպաստել Հայաստանում այլընտրանքային խնամքի ընտանիքահեն տարբերակների զարգացմանը։ Այս նպատակով իրականացվեց համապարփակ հետազոտություն և ապա երեխաների պաշտպանության ոլորտի շահագրգիռ կողմերի, համայնքի բնակիչների, լրատվամիջոցների շրջանում կազմակերպվեց իրազեկման արշավ ՝ ուշադրություն հրավիրելով երեխայի խնամքն ընտանիքում ապահովելու, երեխաների վերադարձը ընտանիք և տեղավորումը այլընտրանքային ընտանիք գործընթացների սահուն կազմակերպման հարցերին։ 

2018թ Օրենքի պահանջով ԵՊՑ-ն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միությունը վերագրանցվեց որպես «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ: Նույն տարում ԵՊՑ-ն մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգում ընթացող ռեֆորմի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքներ կազմակերպեց։ 

2019թ ԵՊՑ-ն իրականացրեց INSPIRE ռազմավարության տեղայնացումը։ INSPIRE ռազմավարությունը փաստերի վրա հիմնված տեղեկատվական նյութերի համալիր է, որը կոչված է կանխարգելելու և արձագանքելու երեխաների հանդեպ իրականացվող բռնությանը։ Ռազմավարությունը նպատակ ունի օգնելու երկրներին և համայնքներին՝ մեծացնելու իրենց ուշադրությունը ավելի մեծ ներուժ ունեցող կանխարգելիչ ծրագրերի և ծառայությունների նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել երեխաների հանդեպ բռնությունը: 

2020թ ԵՊՑ-ն իրազեկման աշխատանքներ կազմակերպեց COVID-19 համաճարակի, ապա հայ-ադրբեջական 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ շեշտը դնելով երեխաների վրա ազդեցության, աջակցության ձևերի, մասնագիտական ծառայություններից օգտվելու և ադվոկացիայի վրա։

2021թ ԵՊՑ-ն ուսումնասիրեց հաստատություններում խնամվող երեխաներին և երիտասարդներին՝ անկախ կյանքին պատրաստելու տեղական և միջազգային փորձը, մշակեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 16-23 տարեկան անձանց անկախ կյանքի և ապրելակերպի նախապատրաստելուն ուղղված ծրագիր, որը ներառում էր հստակ մեթոդաբանություն անհրաժեշտ մասնագիտական աջակցության և ծառայությունների տրամադրման վերաբերյալ։

2022թ ԵՊՑ-ն առաջարկների փաթեթ ներկայացրեց ՀՀ ԱՍՀՆ-ին, որը վերաբերում էր կառավարության կողմից հասարակական կազակերպություններին պատվիրակված ծառայություններն իրականացնելիս առաջացող բացերին ու խնդիրներին (մրցույթին դիմելիս, ծառայություն ստացող շահառուներին ընդգրկելիս, ծառայություններ տրամադրելիս, բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ մշակելիս)։

Հաշվի առնելով, որ ԵՊՑ 10 կազմակերպության 27 ծառայություն ներգրավված էր պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում՝ հնարավոր եղավ ուսումնասիրել և լուծումներ առաջարկել ՀՀ ԱՍՀՆ-ին, որոնց լուծումն էականորեն կարող էր հեշտացնել ծառայությունների իրականացումը, ինչպես նաև բարձրացնել այդ ծառայությունների արդյունավետությունը և որակը։  

2023թ ԵՊՑ-ն անդամակցեց Eurochild-ին՝ Երեխաների պաշտպանության եվրոպական ամենամեծ կոալիցիային՝ որպես լիիրավ անդամ։ Նույն տարում ԵՊՑ-ն նաև 2024 թ-ի բյուջետային ծրագրերի վերաբերյալ 3 առաջարկ ներկայացրեց ՀՀ ԱՍՀՆ-ին: ԵՊՑ անդամներն աշխատանք տարան նաև ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ այլընտրանքային զեկույցի շուրջ: Զեկույցի պատրաստման նպատակով ուսումնասիրվեցին ՀՀ կառավարության նախկին զեկույցները, ոլորտի իրավասու պետական մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների զեկույցները, իրականացված հետազոտությունները:

2024թ ԵՊՑ-ն կարողացավ լուծել իր կայունության հարցը՝ վարձակալելով գրասենյակ, կազմելով 4 աշխատակիցներով թիմ և շարունակելով իր լայնածավալ աշխատանքները երեխաների պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ: