Տեղեկագիրք 2025թ․
Ի՞նչ անել, երբ դպրոցում առաջանում է լարվածություն,որում ներգրավված են երեխաները
Վերջին օրերի միջադեպը Մերձավանի դպրոցում բազմաթիվ հարցադրումներ է առաջացրել ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական հարթակներում։ Կարևոր ենք համարում հիշեցնել մի քանի սկզբունք, որոնք կարող են օգնել նման լարված միջավայրերում.
📝ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
1․ Երեխաները չեն կարող օգտագործվել կոնֆլիկտների լուծման նպատակով
Դպրոցում առաջացած ներքին խնդիրների լուծումը չպետք է տեղափոխվի աշակերտների դաշտ, հատկապես՝ հանրային բողոքի կամ մեդիա հարթակներում։ Երեխաները դեռևս զարգացող անհատներ են և հաճախ չունեն բավարար կարողություններ՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու և դրանց հետևանքները ճիշտ գնահատելու համար։ Ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին գործիք դարձնել նմանատիպ կոնֆլիկտների լուծման նպատակով: Այսպիսի իրավիճակներում արձագանքը կարող է լինել այսպիսին․
• Կառուցողական, որտեղ երեխաների ձայնը կարող է լսելի դառնալ՝ փակ, անվտանգ և մասնագիտական միջավայրում, այլ ոչ թե՝ էմոցիոնալ արձագանքների հրապարակային շահագործման ձևով։
• Մասնագիտական, ուղղորդված աջակցությամբ՝ ներառելով թե՛ հոգեբաններ, թե՛ կրթական պատասխանատուներ։
⚠️ Այսպիսի միջադեպները պետք է դառնան առիթ՝ վերանայելու համակարգն ու միջավայրը, այլ ոչ թե սրելու կոնֆլիկտը և երեխաներին դնելու դրա առաջնագծում։
📝ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
2․ Երեխայի նկատմամբ ցանկացած գործողություն կամ որոշում պետք է գնահատվի մի պարզ հարցով՝
«Սա արդյո՞ք լավագույն լուծումն է երեխայի համար»։
Այս հարցը հատկապես կարևոր է այն պահերին, երբ երեխան դառնում է հրապարակային բողոքի, սուր քննադատության կամ հանրային քննարկման «մասնակից»՝ առանց իր ցանկության կամ նույնիսկ առանց գիտակցելու հետևանքները։
Երբ տեսագրում ենք երեխային, տարածում ենք նրա խոսքը, պատկերն ու ձայնը, երբ հանրայնացնում ենք նրա կարծիքը՝ հաճախ չմտածելով, թե արդյոք նա լիարժեք պատկերացնում է դրա ազդեցությունը, մենք խախտում ենք ոչ միայն երեխայի տվյալների պաշտպանությունը, այլ նրա սահմանները։
Եվ երբ երեխան հայտնվում է մեծահասակների փոխադարձ մեղադրանքների, կոնֆլիկտների կամ համակարգային բացերի կիզակետում, պետք է ազնվորեն ինքներս մեզ հարցնենք՝
• «Այս երեխան խոսում է իր անունի՞ց, թե՞ մեր փոխարեն»։
• «Նա իր մտքերն է արտահայտում, թե՞ մեր հիասթափությունն ու վիրավորվածությունը»։
• «Իսկ իմ դերում՝ որպես մեծահասակ, պաշտպանո՞ւմ եմ նրան, թե՞ օգտագործում»
Երեխաները չեն կարող պաշտպանել իրենց անձնական տվյալները՝ սոցիալական ցանցերում։ Դա մեծահասակների պարտականությունն է։
Երեխայի լավագույն շահը երբեմն նշանակում է՝ լռել, չնկարել, չհրապարակել, չդնել առաջին գծում։
3. Պետք է ապահովել երեխաների անձնական տվյալների գաղտնիությունը, հատկապես՝ մեդիա միջավայրում
Փորձեք խուսափեք երեխաների դեմք և անուն հրապարակելուց, եթե նույնիսկ երեխաների նախաձեռնությունն է (վերը նշված պատճառներով)։
4․ Մի վերցրեք երեխայից հարցազրույց բորբոքված իրավիճակում։
Լարված միջադեպերի պահին երեխաներին հարցազրույցի կանչելը կամ հրապարակելը մասնագիտական էթիկական սկզբունքների խախտում է։ Նման իրավիճակներում երեխաներն անգամ չեն հասկանում՝ ինչի մաս են դառնում։ Պետք է նախապես երկար, զգուշությամբ զրույց ունենալ, ոչ թե ուղղակի բարձրախոս առաջարկել։
📝ԾՆՈՂՆԵՐԻՆ
5․ Երեխաները մեզ են նայում, երբ սովորում են՝ ինչպես ապրել այս աշխարհում
Լարված իրավիճակներում շատ հեշտ է ակնկալել, որ երեխան «ճիշտ կվարվի», «կհասկանա տեղը», «կդաստիարակվի»։ Բայց իրականում, երեխայի վարքը՝ նրա արձագանքը, հույզերը, խոսքը՝ ձևավորվում են այն միջավայրում, որը ստեղծում ենք մենք՝ մեծահասակներս։
Երբ դպրոցում կամ հանրային դաշտում առաջանում են խնդիրներ, մենք՝ ծնողներս, հաճախ առաջին հերթին նայում ենք երեխայի արձագանքին։ Բայց իրական փոփոխությունը սկսվում է այն պահից, երբ նայում ենք նաև ինքներս մեզ․
• Ինչպիսի՞ մթնոլորտ ենք ստեղծել տանը։
• Ինչպիսի՞ խոսք ենք օգտագործում երեխայի ներկայությամբ։
• Ինչպե՞ս ենք արձագանքում կոնֆլիկտին՝ օրինակո՞վ, թե՞ մեղադրանքով։
6․ Երեխաներին պետք է աջակցություն, ոչ թե վերահսկում
Երբ համակարգը՝ լինի դպրոց, համայնք կամ մեդիա միջավայր, թուլանում է, երեխաները հայտնվում են անորոշության մեջ։ Այս իրավիճակներում նրանց առաջին հենարանը ծնողն է։
Այդ հենարանը լինելու համար կարևոր է՝
✅ լսել երեխային,
✅ չհրապարակել իր կարծիքը, հույզերն ու նկարները առանց իր համաձայնության,
✅ ու հիշել՝ երեխան պաշտպանման կարիք ունի, ոչ թե շահարկման։
7․ Ձեր դերակատարմամբ հնարավոր է կանխել շատ ցավոտ հետևանքներ
Խոսեք երեխայի հետ.
• Ի՞նչ է տեսել, ի՞նչ է լսել։
• Ինչպե՞ս է հասկացել տեղի ունեցածը։
• Ինչի՞ց է վախեցել, կամ ի՞նչն է անհանգստացրել իրեն։
Երբ մենք ուշադրությամբ և համբերությամբ արձագանքում ենք, ոչ թե միայն ղեկավարում, երեխան ուժ է ստանում՝ հաղթահարելու նույնիսկ ամենաբարդ իրավիճակը առանց վնասվելու։