Երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետները տարիներ շարունակ խոսում էին պետության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայություններ իրականացնելու կարևորության մասին։ 2017 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները վերջապես ստացան այդ հնարավորությունը։ Միայն ԵՊՑ 10 կազմակերպության 27 ծառայություն ներգրավված է պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում։
Դրամաշնորհային ծրագրերին դիմելուց մինչև իրականացման մակարդակ, այնուամենայնիվ, ԵՊՑ անդամները բախվեցին մի շարք մարտահրավերների և խնդիրների, որոնց լուծումն էականորեն կարող էր հեշտացնել ծառայությունների իրականացումը, ինչպես նաև բարձրացնել այդ ծառայությունների արդյունավետությունը և որակը։
Այս նպատակով ԵՊՑ նախաձեռնությամբ 2021 թ․ սեպտեմբերին մշակվեց գործիք, որով դուրս բերվեցին պետության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայություններն իրականացնելիս հանդիպած բացերն ու խնդիրները։ Ուսումնասիրվեցին ԵՊՑ անդամների կողմից իրականացվող ներքոնշյալ ծրագրերը․
«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում»,
«Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում․ դեպի անկախ կյանք»,
«Հաշմանդամություն ունեցող աձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում»,
«Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում»,
«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ»։
Ուսումնասիրությանը հաջորդեց աշխատանքային քննարկումների շարք, որոնց ընթացքում հավաստագրված կազմակերպությունները բավականին մանրակրկիտ քննարկեցին այդ բացերը և կազմեցին առաջարկների փաթեթ։
Այսպիսով՝ համատեղ ջանքերով հնարավոր եղավ կազմել փաթեթ, որը ներառում էր․
պետությունից ՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների իրականացման գործընթացում հանդիպող խնդիրներն ու բացերը (մրցույթին դիմելիս, ծառայություն ստացող շահառուներին ընդգրկելիս, ծառայություններ տրամադրելիս, բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ մշակելիս),
առաջարկներ՝ ուղղված ՀՀ ԱՍՀՆ-ին՝ պետությունից ՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների իրականացման գործընթացի բարելավման նպատակով։
Հայտարարություն