Տեղեկագիրք 2025թ․
Կայսրության թևեր


Սոցիալական մեդիայի ալիքերում ակտիվորեն գովազդվում է Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալը, որը ս․թ․ նոյեմբերի 1-ից ցուցադրվելու է ինտերնետային հարթակներից մեկում։



Տարածված հակիրճ տեսանյութերում ականատես ենք դառնում երեխաների մասնակցությամբ ծեծկռտուքի, փողոցային բանավեճերի և բռնության տարբեր ձևերի կիրառման։ Ֆիլմն այսպիսի տեսարաններով ռիսկային է ոչ միայն այն դիտող երեխաների շրջանում, այլև ֆիլմի նկարահանման աշխատանքներում ընդգրկված երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։



Երեխաների ներգրավումն այսպիսի տեսարաններում և ցուցադրությունը, մասնավորապես, պարունակում է բազմաթիվ մարտահրավերներ։ Սերիալներն ու ֆիլմերը, և, առհասարակ, մեդիան, երեխայի կյանքում սոցիալականացման կարևորագույն գործակալներից է` կարծիք ձևավորող, հզոր ազդեցություն ունեցող, վարքի վրա ակնհայտ ներգործություն ունեցող և իհարկե՝ կրկնօրինակման ու ընդօրինակման մղող։



Աշխարհում բազմաթիվ հաջողված օրինակներ կան, թե ինչպես է մեդիան տարատեսակ արշավներ իրականացնում ընդդեմ բռնության և արդյունքում հասնում բռնության նվազ դրևսորումների` ձևավորելով ցանկալի բարեվարք վարքագիծ։ Եվ կան նաև հակառակ օրինակները, թե ինչպես կարելի է մեդիայի միջոցով նպաստել երեխաների շրջանում բռնության դեպքերի ավելացմանը։ Սերիալը, անշուշտ, հասանելի կլինի բազմաթիվ դեռահասների, և ռիսկեր կան, որ շատերի համար կլինի կրկնօրինակելու աղբյուր՝ սկսած բառամթերքի օգտագործումից մինչև ծեծկռտուքի միջոցով ինքնահաստատվելու փորձեր։



Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Կառավարության 18 հունվարի 2024 թվականի N 92-ն որոշման համաձայն՝ ֆիլմերը դասակարգվում են, և որոշվում է ֆիլմի տարիքային սահմանափակման կարգը։ Վերջինս իրականացվում է 9 անդամից բաղկացած փորձագիտական խորհրդի միջոցով, որում ընդգրկվում են երեխաների կրթության և դաստիարակության ոլորտի մասնագետներ, հոգեբաններ, մշակութաբաններ, կինոարվեստի ոլորտի մասնագետներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը քննարկում է ֆիլմում առկա տեղեկատվության ընկալման առանձնահատկությունները որոշակի տարիքային խմբի երեխաների կողմից, ինչպես նաև դիտարկում է երեխաների բարոյահոգեբանական առողջությանը և զարգացմանը վնաս պատճառելու հավանականությունը: Հարցն այն է, թե ինչպե՞ս է հանձնաժողովը որոշել, որ այս ֆիլմը արժանի է ցուցադրության, երբ կոպտորեն խախտվում են այս որոշման մի քանի կետերի դրույթներ և արդյոք հանձնաժողովը չի քննարկել հնարավոր մարտահրավերները։ Եվ եթե քննարկել է, ինչի՞ հիման վրա է կայացրել ցուցադրման իրավունքի որոշումը։



Երեխաների պաշտպանության ցանցը, միավորելով երեխաների, շահերի և իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող շուրջ 50 կազմակերպություն, հարկ է համարում ընդգծել, որ երեխաների մասնակցությամբ նկարահանումները պետք է իրականացվեն` միմիայն հաշվի առնելով ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված սկզբունքները, ինչպես նաև երեխաների մասին նյութերի ցուցադրման էթիկայի կանոնները:



Հաշվի առնելով վերոգրյալը՝ Երեխաների պաշտպանության ցանցը խստորեն դատապարտում է այս սերիալի ցուցադրումը և, առաջնորդվելով երեխայի լավագույն շահի, ինչպես նաև երեխային չվնասելու հիմնարար սկզբունքներով, կոչ է անում ֆիլմը քննող փորձագիտական խորհրդի անդամներին վերաքննարկել այս ֆիլմի ցուցադրման իրավունքը, նորից դիտարկել ՀՀ Կառավարության 18 հունվարի 2024 թվականի n 92-ն որոշման բոլոր կետերի դրույթները և դրանց հիման վրա կազմել ծանուցում՝ բոլոր թերությունները և հնարավոր ռիսկերը վերացնելու վերաբերյալ։



Երեխաների պաշտպանության ցանցը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ ինչպես ծանուցումը կազմելու հարցում, այնպես էլ սույն ֆիլմի հետ կապված համապատասխան քայլեր ձեռնարկելու և ապագայում նման իրավիճակներից զերծ մնալու համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:



Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս ֆիլմի պատրաստմանը, կրկին վերանայել իրենց վերաբերմունքը ֆիլմում տեղ գտած բռնության տեսարանների, երեխաներին ոչ հարիր բառամթերքի և վարքագծի վերաբերյալ:



Լիահույս ենք, որ երեխաների և նրանց ապագայի նկատմամբ մեծ պատասխանատվությունը իր հզոր դրական ազդեցությունն է ունենալու մեր հասարակության բոլոր երեխաների առողջ և բարեկեցիկ զարգացման վրա՝ ապահովելով մեր երկրում ներդաշնակ հասարակության ձևավորումը։